Կառավարություն ձևավորելու մասին հրամանի ստորագրումից հրաժարվելու մասին Վրաստանի նախագահին ուղղած ընդդիմության կոչն ակնհայտորեն քաղաքական դեմարշի բնույթ է կրում, համոզված է խորհրդարանական մեծամասնության անդամ Գեդևան Պոպխաձեն, հաղորդում է apsny.ge-ը:
Պատգամավորը ևս մեկ անգամ լրագրողներին պարզաբանել է, որ Վրաստանի Սահմանադրությունը հստակ նշում է երկրի պետական իշխանության ինստիտուտներից յուրաքանչյուրի լիազորությունները:
Ժողովրդի ընտրյալի խոսքերով՝ Վրաստանի կառավարությունը երկրի նախագահի ենթական չէ, և նախարարների թեկնածությունները չեն համաձայնեցվի երկրի ղեկավարի հետ:
«Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ կառավարության կազմը ձևավորում է խորհրդարանական մեծամասնությունը: Նախարարի և ոչ մի թեկնածություն նախագահի հետ չի համաձայնեցվի: Հենց այդ պատճառով էլ Նախարարների կաբինետ ձևավորելու հրամանը չստորագրելու մասին ընդդիմության ներկայացուցիչների կոչը երկրի ղեկավարին ակնհայտ քաղաքական դեմարշի բնութ է կրում: Համապատասխան փաստաթուղթը նախագահը կստորագրի 7 օր անց, ինչից հետո նախարարների նոր կաբինետը կհաստատվի խորհրդարանի կողմից»,- հայտարարել է Գեդևան Պոպխաձեն:
Խորհրդարանական մեծամասնության անդամները ենթադրում են, որ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին օրենսդիր մարմնին ստորագրված փաստաթուղթը կներկայացնի այս շաբաթ:








































