Գլենդելի ոստիկանությունը հետապնդման արդյունքում ձերբակալել է հայազգի 29-ամյա Ռոմիկ Ղազարյանին՝ գողացված մոտոցիկլետով մեծ արագությամբ փախուստի փորձ կատարելու հետևանքով վթարվելուց հետո: Այս մասին հայտնում է Glendale News Press-ը:
Գլենդելի ոստիկանության փոխանցմամբ՝ նա ոստիկանությանը ստիպել է հետապնդել իրեն՝ քաղաքի փողոցներով ընթանալով մեծ արագությամբ՝ 36մ/վ: Հետապնդումն ավարտվել է, երբ նա հարվածել է կայանված մի մեքենայի, այնուհետև թողել մոտոցիկլետն ու փախել: Նրան ավելի ուշ հայտնաբերել են Լոս Անջելեսի Կոլորադո պողոտայում գտնվող լիկյորի խանութի կայանատեղիում՝ մեքենաներից մեկի տակ թաքնված:
Ոստիկանության տվյալներով՝ Ղազարյանը փորձնական ժամկետում է գտնվում մետամֆետամինի օգտագործման պատճառով, որի համար 2011-ին նրանից վերցրել էին վարորդական իրավունքը: Ենթադրվում է, որ մոտոցիկլետը գողացվել է 2011-ի հոկտեմբերին՝ Սանտա Կլարիտայում:
Նրան ձերբակալել են մեքենա գողանալու, մետամֆետամին օգտագործելու, ալկոհոլի և թմրանյութերի ազդեցությամբ ու կասեցված լիցենզիայով մեքենա վարելու և ոստիկաներից խուսափելու համար:
Ոստիկանության փոխանցմամբ՝ նրա գրպանից մետամֆետամինի տոպրակ է ընկել հիվանդանոցում, որտեղ նա գտնվում էր բժշկական փորձաքննության նպատակով:









































