«Ինտերնեշնլ Մասիս Տաբակ» և «Գրանդ Տոբակո» ընկերություններում աշխատողներին աշխատանքի ավարտից հետո ստուգելու նպատակով ստիպում են անցնել ռենտգեն սքաների միջով, որպեսզի ստուգեն՝ աշխատողն իր հետ գործարանից որևէ բան հո չի՞ տանում: Այս մասին ահազանգում են հենց ընկերությունների աշխատակիցները՝ տարակուսած նշելով, որ գործարանների ղեկավարները, հակառակ բոլոր հորդորների, բացառություն չեն անում անգամ հղի կանանց համար, որոնց առողջությանն առավել վնասակար են ռենտգեն ճառագայթները:
«Անգամ բժիշկները հղիների ամենամսյա կոնսուլտացիաների ժամանակ հրաժարվում են համապատասխան սարքավորումով սոնոգրաֆիա անել՝ պատճառաբանելով, որ սարքի ճառագայթները վտանգավոր են երեխայի առողջությանը, բայց այստեղ ամեն օր ստիպում են այդ սարքի տակով անցնել: Այստեղ, փաստորեն, այլ բարքեր են տիրում»,-դժգոհեցին աշխատակցները:
Աշխատակիցների խոսքով՝ իրենք զրկված են անգամ իրենց ազատությունը լիարժեք տնօրինելու հնարավորությունից: Չեն կարող ազատ առևտուր անել իրենց ուզած քաղցրավենիքի խանութից: Առաքիչներին և մյուս աշխատակիցներին բաժանված հատուկ սարքերը ամեն րոպե ֆիքսում են նրանց գտնվելու վայրը, և, Աստված մի արասցե, նրանք մտնեն որևէ այլ քաղցրավենիքի խանութ: «Հաջորդ օրը կանչում են և բացատրություն պահանջում, թե ինչ գործ ունեինք տվյալ խանութում: Եթե ներկայացված բացատրություններն իրենց արժանահավատ չեն թվում, բանը հասնում է նույնիսկ ազատման: Եվ իրենց բացարձակապես չի հետաքրքրում, թե դու ինչ նախասիրություններ ունես, ինչ տորթ ես սիրում կամ ինչ շոկոլադ: Մենք անձամբ իրավունք չունենք այլ խանութ մտնելու»,- պատմեց «Գրանդ քենդիի» աշխատակիցներից մեկը: Վերջինիս խոսքով՝ իրենք վախվորած են խոսում նաև իրենց անձնական հեռախոսներով, քանի որ վստահ են, որ իրենց հեռախոսները նույնպես «լսվում են»:
Ըստ աշխատակիցների՝ վերահսկողության առումով գրեթե նույն վիճակն է նաև Վարդանյաններին պատկանող «Ար» հեռուստաընկերությունում: Հեռուստաընկերության աշխատակիցները իրավունք չունեն իրենց ընդմիջման համար գնումներ կատարել հարակից որևէ այլ խանութից: Ընդմիջման սնունդը պետք է կա՛մ տնից բերեն, կա՛մ ընդմիջումը պարտադիր պետք է անեն հեռուստաընկերության սրճարանում:
Վարդանյանների ընտանիքին պատկանող գործարաններում մեծաթիվ են նաև չգրանցված աշխատողները, որոնց մասին մամուլը բազմիցս է գրել: Կան նաև հարկային պարտավորությունների հետ կապված խնդիրներ, ինչն արդեն առանձին թեմա է:
Այս թեմաների և հատկապես ռենտգեն սքաների տեղադրման հետ կապված՝ մենք փորձեցինք պարզաբանում ստանալ ընկերությունից, սակայն ընկերության մամուլի խոսնակը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ՝ պատճառաբանելով, որ «այդ ամենը աբսուրդ է, պրովոկացիա», իսկ իրենք նման բաները չեն մեկնաբանում:








































