Փետրվարի 15-ին Երկրին մոտեցող և 45 մետր շառավիղ ունեցող աստղակերպը չի անհանգստացնում ամերիկացի գիտնականներին ու մասնագետներին՝ գրում է ITAR-TASS-ը:
Այն որևէ վտանգ չի ներկայացնում ոչ մոլորակի, ոչ արբանյակների, ոչ Միջազգային տիեզերակայանի համար: Այս մասին NASA-ի հրավիրած մամլո ասուլիսում վստահություն են հայտնել այդ գերատեսչության աշխատակիցները և Հարվարդի ու Արիզոնայի համալսարանների աստղագետները:
Ինչպես հայտնել է NASA-ի շուրջերկրյա տիրույթի օբյեկտների դիտման ծրագրի ղեկավար Լինդլի Ջոնսոնը, աստղակերպը, որը կրում է 2012DA14 համարանշանը, մեկ շաբաթից կմոտենա Երկրին՝ գտնվելով «ընդամենը» 27.7 հազար կիլոմետր հեռավորության վրա՝ ամենամոտ տարածությունը, որը գրանցվել է երկնային մարմինների համար:
«Նրա հետագիծը լավ ուսումնասիրված է ու կարելի է ասել, որ այն Երկրի հետ բախվելու ոչ մի շանս չունի»,- ընդգծել է ԱՄՆ տիեզերական գերատեսչության ներկայացուցիչը:








































