Իրաքի բանակը դադարեցրել է հարձակումը Թիքրիթում: Elaph թերթի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Իրաքի ՄԳՆ ղեկավար Մուհամմեդ Սալեմ Ալ-Գաբբանը:
Նախարարն ասել է, որ Բաղդադը փորձում է խուսափել խաղաղ բնակչության և զինվորականների շրջանում ավել զոհերից: Իրաքի պաշտոնական տվյալներով՝ Թիքրիթը գրեթե անցել է կառավարական զորքերի վերահսկողության տակ: Ալ-Գաբբանի խոսքով՝ «գործողության նպատակներն արդեն իրականացվել են 90%-ով»: Բայց ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի իսլամական պետություն) գրոհայիններն ամրապնդվել են լավ ամրացված քաղաքի կենտրոնում, որտեղ բարիկադներ են կառուցված և դիպուկահարների դիրքեր են սարքավորվել, ակտիվորեն մահապարտ-ահաբեկիչների են օգտագործում, տեղի բնակիչներին որպես կենդանի վահան են օգտագործում: Նախարարի խոսքով՝ Թիքրիթի արգելափակումը գրոհայիններին կկտրի մատակարարման ալիքներից և մի քանի շաբաթ հետո կբերի իսլամիստների անկազմակերպվածության և նրանց պաշտպանության համակարգի փլուզման:
Թիքրիթում հարձակումը սկսվել է մարտի սկզբից: Իրաքի բանակի ավելի քան 20 000 զինվոր և «Հաշիդ Շաաբի» շիա ոստիկանության մարտիկները տեղի սուննի ցեղերի աջակցությամբ ամբողջովին շրջափակել են Թիքրիթը: Բայց մարտի 11-ին հարձակումը դանդաղել է գրոհայինների համառ դիմադրության պատճառով: Եթե Իրաքի բանակը կարողանա հետ նվաճել քաղաքը, դա կլինի առաջին խոշոր բնակավայրը, որն իրաքցի զինվորականները հետ կնվաճեն իսլամիստներից: Թիքրիթը կարևոր ռազմավարական նշանակություն ունի. դրա գրավումից հետո բանակի առջև ճանապարհ կբացվի դեպի Մոսուլ, որը զինյալները գրավել են 2014 թ. հունիսին:








































