ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը մարտի 10-ին հանդիպել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսին:
Գագիկ Բեգլարյանը շնորհավորել է ԱՄՆ դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելություն ստանձնելու առթիվ և հաջողություններ մաղթեց հետագա գործունեության ընթացքում: Ռիչարդ Միլսը նշել է, որ 25 տարի աշխատել է ԱՄՆ պետքարտուղարությունում և այդ ընթացքում հետևել է Հայաստանի զարգացման գործընթացներին:
Շատ ուրախ է, որ, մասնավորապես, կապի և հեռահաղորդակցության ոլորտում Հայաստանը վերջին տարիներին լուրջ ձեռքբերումներ ունի. «Վստահ եմ, որ այդ ոլորտում ձեր երկրի մասնագետները դեռ շատ հաջողությունների կհասնեն, ինչը շատ կարևոր է»,- նշել է նա:
Գագիկ Բեգլարյանն իր հերթին ընդգծել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում առաջնային տեղ է գրավում, և մեծ է պետության ներդրումն այդ գործում. «Այս ոլորտում պատահական չեն մեր գրանցած ձեռքբերումները, քանի որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը գտնվում է կառավարության անմիջական ուշադրության ներքո: Ունենք երիտասարդ հայ մասնագետներ, ովքեր հրաշալի կերպով կարողանում են մրցել ՏՏ ոլորտում առաջնային դիրք գրավող երկրների մասնագետների հետ»:
Կողմերը կարծիքներ են փոխանակել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի աշխատանքների ընթացքի, «Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագրի իրագործման հեռանկարների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
Հանդիպման ավարտին ԱՄՆ դեսպանը շնորհակալություն է հայտնել Գագիկ Բեգլարյանին ջերմ ընդունելության համար:








































