ԴԱԻՇ-ը («Իրաքի և Շամի իսլամական պետություն») մի քանի ամիս ամերիկացի և բրիտանացի պատանդներին պահել է միևնույն վայրում՝ Սիրիայի հյուսիսում, բայց Վաշինգտոնը դա չի օգտագործել՝ անցկացնելու համար փրկարարական գործողություն: Այս մասին հայտնում է The Daily Beast-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների աղբյուրներին:
Ինչպես ասվում է հոդվածում, առկա տվյալներով՝ 2013թ. ԴԱԻՇ-ի գրոհայինները տեղափոխել են բրիտանացի և ամերիկացի պատանդներին, սակայն 2014թ. փետրվարի վերջից մինչև հուլիս նրանց պահել են միևնույն վայրում՝ Ռաքքայում: Պարբերականը նշում է, որ պատանդներին կարող էին այնտեղից տանել 1-2 օր առաջ՝ մինչ փրկարարական ամերիկյան գործողությունը, որը սկսվել է անցած տարվա հուլիսի 4-ին: «Դա փրկարարական գործողության տապալում չէր: Դա չափազանց ուշացած փրկարարական գործողություն էր»,- The Daily Beast-ը մեջբերում է բրիտանական հատուկ ծառայությունների անանուն ներկայացուցչի խոսքը:
Պարբերականը նշում է, որ ի վերջո ԴԱԻՇ-ը մահապատժի է ենթարկել 3 ամերիկացու, իսկ խմբավորման միակ կին պատանդը մահացել է մինչ օրս լիովին չբացահայտված հանգամանքներում: Գրոհայինները շարունակում են պահել բրիտանացի լրագրող Ջոն Քենթլիին:








































