Twitter միկրոբլոգների ցանցին պատկանող Vine տեսածառայության օգտատերերը սկսել են այն կիրառել պոռնոգրաֆիկ բնույթի հոլովակներ հրապարակելու համար: Այդ մասին առաջիններից մեկը հայտնել է The New York Times-ը:
Լրագրող Նիկ Բիլթոնը նկատել է, որ պոռնոգրաֆիկ բնույթի հոլովակները ներբեռնվում են «#porn» հեշթեգով: Հաղորդվում է նաև, որ օգտատերերը հոլովակների ներբեռնման համար կիրառում են նաև այլ անպատշաճ բառերից կազմված հեշթեգներ:
Twitter-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ Vine-ի օգտատերերը կարող են նշել տվյալ տեսանյութը որպես «անընդունելի», իսկ որոշակի քանակով բողոքների դեպքում տեսահոլովակի սկզբից կտրվի նախազգուշացում: Նման տեսանյութը հնարավոր կլինի բացել սեղմումով՝ ավտոմատ գործարկման փոխարեն:
Այն դեպքում, եթե տեսանյութը խախտի տեսածառայության կանոնները, այն կհեռացվի, իսկ օգտահաշիվը կարող է արգելափակվել՝ նշել են Twitter-ում: Տեսածառայությունում պոռնոգրաֆիայի արգելք չկա, սակայն եթե այն խախտում է մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը և վիրավորանք պարունակում, այդ դեպքում միկրոբլոգների ցանցը համապատասխան միջամտություն կցուցաբերի:
Twitter-ը Vine տեսածառայությունը ներկայացրել է 2013-ի հունվարի 24-ին: iPhone-ի հավելվածը թույլ է տալիս ձայնագրել 6 վայրկյան տևողությամբ տեսանյութեր և տեղադրել դրանք Twitter-ում և Facebook-ում:








































