Հայտնաբերվել է A World Without Love երգի ձայնագրությունը՝ դրա հեղինակ Փոլ Մաքքարթնիի կատարմամբ։ Այս մասին հաղորդում է Rolling Stone ամսագիրը:
Ձայնագրությունն իր արխիվում հայտնաբերել է Փիթեր Էշերը, ով «Փիթեր և Գորդոն» (Peter & Gordon) դուետի անդամ էր՝ Գորդոն Ուոլերի հետ միասին: Մաքքարթնին A World Without Love երգը գրել է 1964 թ., երբ հանդիպում էր Փիթերի քրոջ հետ, և նրանք միասին ապրում էին նույն տանիքի տակ: Բիթլի խոսքերով՝ երգը դուր չի եկել Ջոն Լենոնին, այդ պատճառով չի մտել խմբի երգացանկի մեջ:
Մաքքարթնին A World Without Love-ն առաջարկել է բիթ-երգչուհի Բիլլի Քրամերին: Երգի հեղինակը կատարել է այն Էշերի համար: Ավելի վաղ համարվում էր, որ Մաքքարթնիի կատարմամբ ձայնագրություն գոյություն չունի:
Երբ Էշերը սկսել է Ուոլերի հետ դուետով հանդես գալ, նա խնդրել է Մաքքարթնիին իրենց տալ երգը: Վերջինս ուրախությամբ համաձայնել է, և Էշերի համոզելուց հետո նրա համար բրիջ է գրել: A World Without Love-ը դարձել է Փիթերի և Գորդոնի առաջին երգը և գլխավորել է ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի թոփերը:
Ըստ ավանդության՝ երգի հեղինակներ են հանդիսանում Լենոնն ու Մաքքարթնին, սակայն, անկասկած, Մաքքարթնին դրա միակ հեղինակն է։








































