Վաշինգտոնի և Մոսկվայի միջև «վերաբեռնավորման» քաղաքականությունը, որը դարձավ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի առավել նշանակալի քաղաքական քայլերից մեկը, ձախողում չէր, սակայն, ըստ էության, երկու երկրների հարաբերություններում ոչինչ չի փոխվել: Նման կարծիք է հայտնել ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական, քաղաքագետ Զբիգնև Բժեզինսկին:
2009թ. մարտին ԱՄՆ-ի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը Հիլարի Քլինթոնը Սերգեյ Լավրովին որպես նվեր մատուցեց կոճակ, որը խորհրդանշում էր Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունների «վերաբեռնավորում»: Լավրովը և Քլինթոնը միասին սեղմեցին այդ կոճակը՝ խորհրդանշական կերպով մեկնարկ տալով «վերաբեռնավորման» գործընթացին:
«Ես բացարձակապես համոզված եմ, որ («վերաբեռնավորման» քաղաքականությունը-1in.am) ձախողում չէր, և չեմ կարծում, որ անցկացվող քաղաքականությունը միամիտ էր: Նախ, դա բավական սահմանափակված քայլ էր: Դա գալիս է համակարգչային եզրույթաբանությունից: Ի՞նչ է նշանակում համակարգչի վերաբեռնավորում: Այդ գործողությունը ոչինչ չի փոխում կոմպյուտերային համակարգում: Դա ավելի շուտ վերակազմակերպում է, որը ուղղված է նոր իրականությունների ընկալմանը: Իսկ դա տեղի է ունենում, և, բավական հաջող»,- ասել է Բժեզինսկին Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Վերաբեռնավորման» արդյունք են դարձել ռազմավարական հարձակողական զենքի շուրջ համաձայնագիրը, Ռուսաստանի տարածքով ռազմական բեռներն Աֆղանստան տեղափոխելու շուրջ պայմանագիրը, այցագրային ռեժիմի մեղմացումը, երկկողմ նախագահական հանձնաժողովի ստեղծումը, պաշտպանական գերատեսչությունների միջև երկխոսության ձևավորումը: Սակայն հետո «վերաբեռնավորումը» սկսեց մարել. ՌԴ-ն կտրուկ հանդես եկավ Եվրոպայում Վաշինգտոնի և ՆԱՏՕ-ի հակահրթիպռային պաշտպանական համակարգերի տեղակայման դեմ, Վաշինգտոնը բազմիցս հայտարարեց, որ դժգոհ է Ռուսաստանում մարդու իրավունքների ոլորտում տիրող իրավիճակից, Մոսկվան Վաշինգտոնին մեղադրեց իր ներքին գործերին միջամտելու մեջ:
Բժեզինսկու կարծիքով Օբամայի նախագահության երկրորդ ժամկետի ընթացքում Վաշինգտոնի և Մոսկվայի հարաբերություններում «կլինեն ինչպես բարդ, այնպես էլ դրական պահեր», «ինչպես համաձայնություններ, այնպես էլ տարաձայություններ տարբեր հարցերում»: Ընդ որում, ամերիկացի քաղաքագետը կարծում է, որ ներկայում երկկողմ հարաբերություններում իրավիճակը բարդացել է Ռուսաստանի նախագահի պաշտոնում Վլադիմիր Պուտինի վերադարձից հետո, որի քաղաքականությունը այժմ Վաշինգտոնի համար «պակաս հրապուրիչ է»: Բժեզինսկու կարծիքով՝ այս պահին Պուտինը տարված է «Մեծ Ռուսաստանի»՝ «յուրօրինակ Խորհրդային Միության» գաղափարով: Փորձագետը գտնում է, սակայն, որ «դրանք ոչ իրական նպատակներ են, որոնք հազիվ թե աջակցություն գտնեն ռուսների մեծամասնության կողմից»:








































