Թուրքիայում Ֆեթուլահ Գյուլենի (ԱՄՆ-ում բնակվող իսլամիստ հասարակական գործիչ) կողմնակիցների դեմ գործողությունները կատարվում են ոչ հանուն վրեժի: Դրանք իրավաբանորեն հիմնավորված են և կշարունակվեն: Anadolu գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը:
Նրա խոսքով՝ Գյուլենի շարժման կողմնակիցների դեմ իրականացվող գործողություններն ուղղված չեն ԶԼՄ-ների դեմ:
Ավելի վաղ թուրքական մի շարք ԶԼՄ-ներ հայտնել էին, որ Գյուլենի շարժման կողմնակիցների դեմ գործողությունները Թուրքիայում երկրի կառավարության վրեժն են պետական պաշտոնյաների հեռախոսները գաղտնալսելու համար:
Դեկտեմբերի 14-ին Թուրքիայի ոստիկանությունը Ստամբուլում և շատ այլ քաղաքներում ձերբակալել է թուրքական պետության դեմ լրտեսություն իրականացնելու համար մեղադրվող Ֆեթուլահ Գյուլենի գլխավորած «Հիզմեթ» հակակառավարական շարժման տասնյակ կողմնակիցների: Նրանց թվում են թուրքական Zaman խոշոր թերթի գլխավոր խմբագիր Էքրեմ Դումանլին, Samanyolu մեդիախմբի ղեկավար Հիդայեթ Քարաջան:
Ձերբակալվածները մեղադրվել են «ահաբեկչական կազմակերպություն ստեղծելու, կեղծիքի և զրպարտության համար»: Խուզարկություններ են անցկացվել Zaman թերթի և Samanyolu հեռուստաընկերության գրասենյակներում, որոնք, ինչպես համարվում է, կապված են Գյուլենի հետ:








































