Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Լևոն Ավետիսյանի նախագահությամբ ավարտվել է Գրիգոր Քոչարյանի գործի դատավարությունը:
28-ամյա Գրիգոր Քոչարյանը՝ Վայոց Ձորի Մալիշկա գյուղի բնակիչ, միջնակարգ կրթությամբ, ամուսնալուծված, խնամքին հնգամյա որդին, մեղավոր է ճանաչվել խարդախության և շորթման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 182 հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով:
Գրիգորի կողմից խաբված աղջկա միջնորդությամբ դատաքննությունը եղել է դռնփակ:
Ըստ աղջկա ցուցմունքների՝ 2009 թվականի փետրվարի 5-ին իր բջջայինին ՌԴ հեռախոսահամարից զանգ է ստացվել: Մի երիտասարդ ասել է, թե սխալվել է, ներողություն է խնդրել ու անջատել հեռախոսը:
Սակայն հետագայում նա մոտ մեկ ամիս զանգահարել ու հաղորդագրություններ է ուղարկել աղջկան, փորձել է ծանոթանալ:
Սկզբում աղջիկն ուշադրություն չի դարձրել, բայց մեկ ամիս անց տեղի է տվել ու սկսել է հեռախոսով շփվել երիտասարդի հետ:
Վերջինս ներկայացել է որպես «Կարեն Կարապետյան»՝ խոշոր բիզնեսմեն, ՌԴ հայ համայնքի նախագահ Արա Աբրահամյանի քրոջորդի:
Երիտասարդը վստահեցրել է, թե հենց որ Հայաստան վերադառնա, աղջկա հետ ամուսնանալու է:
Հեռախոսային շփումը տևել է երկուսուկես տարի:
Աղջիկը լիովին հավատացել է «Կարենին», անհամբերությամբ սպասել նրա գալստյանը:
2011 թվականի մարտին նրանք վիճել են: Աղջիկը հեռախոսային ծանոթին նախատել է չիրականացված խոստումների համար:
«Կարենը» որոշ ժամանակով անհետացել է և նորից հայտնվել հունիսին:
Աղջիկը չի պատասխանել նրա հեռախոսազանգերին: Երիտասարդը զանգահարել է աղջկա մայրիկին, ասել, թե Հայաստանում է, խնդրել է, որ հանդիպեն:
Մայրը հանդիպել է «Արա Աբրահամյանի քրոջորդու» հետ: Վերջինս համոզել է աղջկա մորը, որ նա խոսի դստեր հետ և իրենց հաշտեցնի:
Մայրը հավատացել է երիտասարդի «անկեղծ սիրուն», խոսել է աղջկա հետ, բայց վերջինս սկզբում չի ցանկացել հաշտվել: Երիտասարդը սկսել է զանգել նաև ընտանիքի մյուս անդամներին:
Հունիսի 27-ին աղջիկը հանդիպել է երիտասարդի հետ: Վերջինս ծնկաչոք ներողություն է խնդրել, փափկեցրել աղջկա սիրտը և ստացել նրա ներումը:
Սկսել են հանդիպել, բայց 2011-ի հուլիս-օգոստոս ամիսներին երիտասարդն անհետացել է՝ բացատրելով, իբր հոր՝ Հոկտեմբերյանի հիվանդանոցի գլխավոր բժշկի հետ մեկնել են ԼՂՀ՝ իրենց բարեկամին բուժելու:
Հետո երիտասարդը մտերմացել է աղջկա հետ, դարձել նրանց ընտանիքի սիրելի բարեկամը:
Աղջկա ծնողներն արդեն ցանկացել են ծանոթանալ իրենց փեսացուի ծնողների հետ: Բայց «փեսացուն» անընդհատ հետաձգել է այդ ծանոթությունը:
Օգոստոսի կեսերին «Կարենը» աղջկա տանը եղած ժամանակ ասել է, թե մոտը գումար չկա, չի ուզում իր ծնողներին խնդրել, թող աղջիկն իր մորից քսան հազար դրամ պարտքով վերցնի, ինքը մի քանի օրից կվերադարձնի:
Աղջիկը կատարել է երիտասարդի խնդրանքը: Բայց պարտքով փող ուզելը վերջինս դարձրել է սովորություն: Շուտով նրա պարտքը կազմել է 130 հազար դրամ:
«Կարենը», որպես իսկական «բիզնեսմեն», աղջկան խոստովանել է, թե խաղատանը մեծ գումար է տանուլ տվել, միաժամանակ Շենգավիթ վարչական շրջանում նա աղջկան մեծ պահեստ է ցույց տվել ու ասել, թե ինքն է այն աշխատեցնում:
Պահեստի ցուցադրումից հետո «Կարենը» ասել է, թե ցանկանում է բիզնեսն ընդլայնել, դրա համար գումար է հարկավոր:
Աղջիկը, անսալով «բիզնեսմեն փեսացուի» խնդրանքներին, ծնողներից թաքուն տնից վերցրել ու նրան է տվել 900 դոլար, 760 եվրո, 100 անգլիական ֆունտ ստեռլինգ: Այնուհետև «Կարենին» է հանձնել իր ոսկե մատանին, ականջօղերը, շղթան:
Ընդհանուր առմամբ, 2011 թվականի օգոստոս-դեկտեմբեր ամիսներին աղջիկը «Կարեն Կարապետյանին» տվել է 1 միլիոն 540 հազար դրամի ոսկեղեն ու գումար: Այդ գումարի չնչին մասը նրանք միասին ծախսել են ժամանցի վայրերում, մնացածն անհետացել է երիտասարդի անտակ գրպանում:
Դեկտեմբերի մեկից աղջիկը հրաժարվել է ծնողներից թաքուն գումարներ տալ տղային: Ասել է՝ ծնողներս կնկատեն:
Բայց այստեղ արդեն նախկին սիրառատ երիտասարդը, ըստ տուժողի, անցել է սպառնալիքների: Նա վախեցրել է աղջկան, թե իրենց հարաբերությունների մանրամասների մասին կհայտնի նրա ծնողներին:
Աղջիկը վախեցել է ու հիմա էլ վախից հարկադրված է սկսել երիտասարդին գումարներ և ոսկեղեն տալ:
2011 թվականի դեկտեմբերից մինչև 2012 թվականի ապրիլի 16-ը նա «Կարենին» է հանձնել ևս 1 միլիոն 304 հազար 500 դրամի ոսկեղեն ու գումար:
Ապրիլին աղջկա մայրը բացահայտել է, որ տան ոսկեղենն ու գումարները չկան:
Աղջիկը երիտասարդից պահանջել է վերադարձնել ամբողջը:
Ի պատասխան՝ երիտասարդը… անհետացել է:
Միայն այդ անհետացումից հետո է աղջկա եղբայրը հետաքրքրվել ու պարզել, որ աղջկա «փեսացուն» ոչ թե «Կարեն Կարապետյանն» էր՝ Արա Աբրահամյանի բիզնեսմեն «քրոջորդին», այլ ընդամենը Մալիշկա գյուղի բնակիչ ու ոչ բիզնեսմեն Գրիգոր Քոչարյանն էր:
2012 թվականի հունիսի 1-ին աղջիկը հայտարարություն է տվել ոստիկանությունում:
Հունիսի 12-ին Գրիգոր Քոչարյանը հայտնաբերվել ու կալանքի տակ է առնվել:
Դատաքննության ընթացքում Գրիգորն իրեն մեղավոր չի ճանաչել: Ասել է, թե սկզբում աղջկան ներկայացել էր որպես Կարեն, իսկ հետո իրականությունը չէր ասել, որ նրան չհիասթափեցնի: Ինքն անկեղծորեն սիրել է աղջկան: Գումարները խնդրել է նրանից, նա էլ կամովին տվել է: Երբեք չի շորթել, չի վախեցրել:
Ընդունել է, որ մոտ 7 հազար դոլարի գումար ու ոսկեղեն է վերցրել աղջկանից, այդ բոլորը իրենք միասին են ծախսել ժամանցի վայրերում: Ինքը պատրաստ է վերադարձնել ամբողջը, միայն թե դրա համար ժամանակ է հարկավոր:
Դատարանը Գրիգորի պատճառաբանությունները համարեց պատասխանատվությունից ու պատժից խուսափելու միջոց: Նրա մեղքը լիովին հաստատված գնահատվեց:
Գրիգոր Քոչարյանը դատապարտվեց 5 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2012 թվականի հունիսի 12-ից:
Հօգուտ տուժողի՝ Քոչարյանից կբռնագանձվի 2 միլիոն 844 հազար 500 դրամ՝ որպես պատճառած նյութական վնասի հատուցում:
Կատարված հանցարարքը մանրամասնությամբ ներկայացվեց՝ անծանոթ երիտասարդների գեղեցիկ պատմություններին անվերապահորեն հավատացող և իրենց ունեցվածքը նրանց ոտքերի տակ խոնարհաբար սփռող դյուրահավատ աղջիկներին զգուշացնելու համար: Այս հանցատեսակը, ցավոք, բավական տարածված է այսօր:








































