Իրանի իշխանությունները ներում են շնորհել Իրանի և Կանադայի քաղաքացիություն ունեցող՝ 17 տարվա ազատազրկման դատապարտված բլոգերին: Վերջինս բանտում է անցկացրել ավելի քան 11 տարի:
39-ամյա Հուսեյն Դերախշանին ներելու մասին հրամանը ստորագրել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: AP-ի փոխանցմամբ՝ նրան այդ մասին հայտնել են չորեքշաբթի երեկոյան, երբ նա Թեհրանի «Էվին» բանտ է վերադարձել թույլատրված հանգստից հետո:
Դերախշանը Իրանում բլոգերային շարժման հիմնադիրներից մեկն է: 2001 թվականին նա համացանցում տեղադրել է ֆարսիով կայքերի ստեղծման հրահանգներ: 2000 թվականից ապրել է Կանադայում, սակայն 2008-ին վերադարձել է Իրան, որտեղ էլ ձերբակալվել էր Իրանի թշնամի երկրների հետ համագործակցության համար: 2010-ին նրան դատարանը դատապարտել է 19.5 տարվա ազատազրկման: Ավելի ուշ պատժաժամկետը նվազեցվել է 17 տարվա:
Դերախշանի ներման մասին հաղորդագրությունը համընկել է Իրանի ու «վեցյակի» միջև բանակցությունների վճռորոշ ռաունդի անցկացմանը:








































