ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը չի բացառել նախագահի պաշտոնում իր եղբոր՝ Ջեբ Բուշի առաջադրումը: Եղբոր առաջադրման հեռանկարների մասին ամերիկացի նախկին առաջնորդը պատմել է CBS-ին տված հարցազրույցում:
Բուշը հայտարարել է, որ եղբոր առաջադրման շանսերը հավասար են 50/50-ի: Նրա խոսքով՝ եղբայրն այժմ մտածում է որոշման շուրջ:
«Նա չի վախենում գալ մեր հետևից: Այլ կերպ ասած, կարծում եմ՝ նա գիտի, որ կարող է արժանապատիվ աշխատել այդ պաշտոնում: Անհաջողությունից նա նույնպես չի վախենում»,- հայտարարել է Ջորջ Բուշը:
Առաջադրման դեպքում Ջեբ Բուշը կարող է դառնալ Բուշերի քաղաքական դինաստիայում ԱՄՆ երրորդ նախագահը՝ հորից և եղբորից հետո: Ջեբ Բուշը 1999-2007թթ. եղել է Ֆլորիդայի նահանգապետը՝ դառնալով այդ պաշտոնում ամենահաջողակ հանրապետականը:
Ջեբ Բուշի որդին օրեր առաջ ԱՄՆ-ում անցկացված միջանկյալ ընտրությունների արդյունքներով ընտրվել է Տեխասի՝ հողային հարցերով լիազորված անձի պաշտոնում:








































