Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը երեկ ելույթ է ունեցել խորհդարանի առջև՝ հանդես գալով տարեկան ուղերձով.
«Աբխազիայի արտաքին քաղաքականությունն ուղղված է երկրի ինքնիշխանությանն ու քաղաքացիների անվտանգությանը, համաշխարհային քաղաքականության սուբյեկտների հետ կապերի ու հարաբերությունների զարգացմանը: Ռուսաստանի կողմից Աբխազիայի անկախության ճանաչումը դարձավ կարևորագույն իրադարձություն: Այժմ օրակարգում է գտնվում միջազգային լայնամասշտաբ ճանաչումը:
Աբխազիայի արտաքին քաղաքականության գլխավոր վեկտորը Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության ամրագրումն է: Երկու երկրների միջև կնքվել է 69 երկկողմանի համաձայնագիր: Հարավային Կովկասի անվտանգության վերաբերյալ Ժնևյան քննարկումներին Աբխազիայի մասնակցելը նախատեսված է երիտասարդ պետության միջազգային դիրքերի ամրագրման և արտաքին քաղաքական շահերի պաշտպանության համար:
Այդ քննարկումների առանցքային հարցը նախկինի նման մնում է ուժի չկիրառման վերաբերյալ Վրաստանի հետ իրավաբանորեն պարտադրող փաստաթղթի ստորագրումը: Ժնևյան քննարկումներին մասնակցելն Աբխազիային հնարավորություն է տալիս ուղիղ կապ հաստատել միջազգային կառույցների՝ ՄԱԿ, ԵԱՀԿ, ինչպես նաև եվրոպական մի շարք երկրների ներկայացուցիչների հետ»:








































