Մինվոդիում ձերբակալվել է հիվանդանոցում զանգվածային ծեծկռտուքի գործով հերթական կասկածյալը: ՌԴ Հետաքննչական կոմիտեի Ստավրոպոլի երկրամասի հետաքննչական վարչությունում TASS-ին հայտնել են, որ ձերբակալվածը 26-ամյա Արման Հակոբյանն է:
ՌԴ ՆԳՆ Հյուսիսկովկասյան գլխավոր վարչության իրավապահները հայտնել են, որ Հակոբյանը «այդ քրեական գործի հիմնական մասնակիցներից մեկն է», նա «ակտիվորեն մասնակցել է հիվանդանոցում մահացած Անատոլի Լարիոնովին ծեծելուն»:
Մոտ ժամանակներս Հակոբյանին մեղադրանք կառաջադրվի ՌԴ ՔՕ «սպանություն» և «խուլիգանություն» հոդվածներով:
Ներկայումս պարզված է 22 կասկածյալի անձը, նրանցից 16-ը ձերբակալված է:
Մինվոդիի հիվանդանոցում զանգվածային ծեծկռտուքը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ին: 36 մարդ ներխուժել է հիվանդանոց և ծեծել 31-ամյա Անատոլի Լարիոնովին, որը մահացել է: Ծեծը եղել է քաղաքի սրճարաններից մեկում կենցաղային վեճի շարունակությունը: Մահացածը հիվանդանոց է տարել իր ծանոթին, որի գլխին սրճարանում վեճի ժամանակ շշով հարվածել էին:








































