«Այսօր սկսվում է ՀՀ նախագահի թեկնածուների փաստաթղթերի ներկայացման գործընթացը: Հունվարի 4-ից կսկսվի գրանցումը, և այլևս ոչ ոք չի կարող ասել` «այդ մասին` հաջորդ դասին»: Ահա և եկել է հաջորդ դասը` այն «պատասխանելու» համար ընդամենը 10 օր ժամանակ է տրված: Հունվարի 4-ը վերջնաժամկետն է: Թեև որոշ թեկնածուներ արդեն իսկ դուրս են թռել ընտրապայքարից. պարզվեց՝ պատրաստ չեն «հաջորդ դասին», և մկանների խաղն ընդամենը պատրանք էր` ֆիկցիա: Ոմանք
դեռ փորձում են ամեն կերպ ձգել դասը «պատասխանելու» պահը` մի օր-երկու օր ժամանակ խնդրելով հասարակությունից: Թե ինչ է տալու այդ 1-2 օրը, ոչ ոք չի կարող բացատրել: Բայց հասարակությունը համբերատար է և պատրաստ է մի քանի օր էլ սպասել»,- գրում է «Հրապարակ»-ը խմբագրականում և հավելում.
«Ամեն դեպքում` արդեն ունենք մի քանի թեկնածուների հայտարարությունները, որոնք չվախեցան և ձեռնոց նետեցին իշխանական թեկնածուին: Առաջինն այդ շարքում, անշուշտ, ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանն էր, ով դեռ ամիսներ առաջ, վայր դնելով պատգամավորի մանդատը, հստակ հրապարակեց իր առաջադրվելու մտադրությունը և բաց ու նպատակասլաց գնում է այդ ուղիով: Հարգանքի արժանի համարձակություն:
Մյուսը Հրանտ Բագրատյանն է, ով թերևս բարոյահոգեբանական խնդիրներ ունի` կապված Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրվել-չառաջադրվելու հետ և բնական է, որ իր որոշման հրապարակումը ձգում էր մինչև երեկ` սպասելով ՀԱԿ առաջնորդի որոշմանը: Երեկ վերջապես հրապարակվեց Բագրատյանի որոշումը ևս: Եթե հանկարծ Տեր-Պետրոսյանը վերջին պահին որոշի առաջադրվել և հայտարարի այդ մասին, ապա ՀՀ նախկին վարչապետը պատրաստակամություն է հայտնել, ինչպես և վայել է մտավորական մարդուն, զիջել իր տեղը ՀԱԿ առաջնորդին և դուրս գալ ընտրապայքարից: Սպասենք հաջորդ հայտարարություններին»:








































