Վրաստանը ձգտում է Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացման, սակայն ո՛չ ի վնաս ինքնիշխանության ու անկախության: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի համաքաղաքական քննարկման ժամանակ: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:
Նրա խոսքով՝ այդ նպատակով Թբիլիսին Մոսկվայի հետ հարաբերություններում նոր կուրս է վերցրել: «Մենք հետևում ենք ռազմավարությանը, որը հիմնված է պատասխանատու, պրագմատիկ և կառուցողական հարևան լինելու ձգտման վրա»,- ասել է նա:
Մասնավորապես, Ղարիբաշվիլիի խոսքով՝ Թբիլիսին առանց նախապայմանների երկխոսություն է սկսել Մոսկվայի հետ առևտրային, տնտեսական և մշակութային կապերի վերականգնման շուրջ: Նա նշել է, որ այդ ռազմավարական ուղղությունը էական արդյունքներ է բերել և օգնել նվազեցնել լարվածությունը հարաբերություններում: Վերսկսվել է առևտուրը, և Վրաստանից Ռուսաստան արտահանման ծավալն ավելացել է 300 տոկոսով՝ ասել է Ղարիբաշվիլին:








































