«Մեզ մոտ ժողվրդավարական երկիր է, և քաղաքական ուժերը կարող են հանրահավաք հրավիրել ու ասել իրենց կարծիքը։ Այլ բան է, որ այդ կարծիքը պիտի լինի հիմնավորված։ Ցավոք սրտի, խոսում են այն մարդիկ, ովքեր երկար տարիներ եղել են նախագահներ, նախագահների ամենամոտ շրջապատ, ինչպես Ռոբերտ Քոչարյանի շրջապատն է այսօր ոտի ելել, Լևոն Տեր-Պետրոսյանի»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը՝ հավելով, որ մեր ժողովուրդը լավ է տեսել նրանց կառավարումը, կառավարման արդյունքները
«Եվ այդ նախկին մինիստրները, բարձրաստիճան պաշտոնյաները, որ այսօր կուրծք են ծեծում, լավ կլիներ՝ իրենց պաշտոնավարման ժամանակ քիչ թե շատ նորմալ աշխատեին, ոչ թե հանեն այնպիսի անուն, ինչպես, որ նրանք հանել են, և իրենց ասած բոլոր տերմինները հենց անձամբ նրանց էլ կարելի է վերագրել։ Բոլոր դեպքերում, ես անլուրջ եմ վերաբերվում, թեժ աշուն ասել ես այստեղ չեմ կարող»,- ասաց պատգամավորը ՝ հավելելով, որ այդ մարդկանց հետևորդների թիվը երևում է նույն հանրահավաքներից, և նրանք գաղափարապես սնանկ են, որովհետև որևէ գաղափար չի ասվում։
«Ավելին, վախենում են ասել գաղափար. նրանք անում են հանրահավաք այն ժամանակ, երբ որ մեր երկիրը, այսպես ասած, նոր դարաշրջան է թևակոխում, մենք մտնում ենք Եվրասիական միության համակարգ, և նրանք անգամ վախենում են ասել՝ կո՞ղմ են, թե՞ դեմ են. խղճուկ վիճակ է քաղաքական ուժի համար»,- մանրամասնեց Հ. Բաբուխանյանը՝ հավելելով, որ «Ժառանգությունը» քիչ թե շատ մի բան ասում է, իսկ մյուս երկուսը ընդհանրապես չեն ասում:
Առավել մանրամասն՝ տեսանյութում։








































