Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը դեկտեմբերի 19-ին հայտարարել է, որ պատրաստ է ընդունել դերասան Ժերար Դեպարդյեին, որը տեղափոխվել է Բելգիա և հրաժարվել Ֆրանսիայի քաղաքացիությունից՝ Ֆրանսիայում շքեղության հարկից խուսափելու համար: Այս մասին հայտնում է Interfax-ը:
Ինչպես հայտնել է Կադիրովը, ինքը մտադիր չէ քննարկել Դեպարդյեի որոշումը: Նրա կարծիքով՝ հավանաբար դերասանը նման արարքի համար իր պատճառներն ունի: Կադիրովի խոսքով՝ Դեպարդյեն չի բացառում Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու հնարավորությունը:
«Եթե նրան Ռուսաստանի քաղաքացիություն տրվի, մենք ուրախ կլինենք մեր հանրապետությունում մշակույթի մեծ գործչի համար ստեղծել արժանավայել պայմաններ»,- հավելել է Չեչնիայի առաջնորդը:
Կադիրովը նշել է, որ անձամբ ծանոթ է ֆրանսիացի դերասանին, սիրում է նրա մասնակցությամբ ֆիլմերը և նրան համարում է «մեծատառով մարդ»: «Իմ կարծիքով՝ ցանկացած երկիր առանց մտածելու իր դռները կբացի նրա առջև»,- եզրափակել է Կադիրովը:
Նշենք, որ դերասանը Բելգիայում անշարժ գույք է ձեռք բերել:
Դեկտեմբերի 18-ին ֆրանսիական Le Monde թերթը գրել էր, որ Դեպարդյեն կարող է ՌԴ քաղաքացիություն ստանալ: «Պուտինն ինձ արդեն անձնագիր է ուղարկել»,- հայտարարել է Դեպարդյեն: Ի պատասխան այդ հայտարարության՝ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ոչ մի կերպ չի կարող մեկնաբանել դերասանի հայտարարությունը: «Ես այդ մասին ոչինչ չեմ լսել»,- ասել է Պեսկովը:








































