Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան վստահ է, որ վաղ թե ուշ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ: Այս մասին նա այսօր հայտարարել է Թբիլիսիի պետհամալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ` փոխանցում է Грузия Online-ը:
«Վաղ թե ուշ Վրաստանը կդառնա Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ: ՆԱՏՕ-ի ոչ անդամ բոլոր երկրներից մենք ամենաակտիվն ենք մասնակցում միջազգային օպերացիաներին: Դա` ոչ նրա համար, որ մենք փորձում ենք բոլորից լավը երևալ ՆԱՏՕ-ի և մեր գործընկերների աչքում: Չի կարելի հոգալ միայն սեփական երկրի անվտանգության համար և փակվել քո երկրում:
Աֆղանստանում առաքելությանը մասնակցելով` մենք պաշտպանում ենք միջազգային անվտանգությունը և այդկերպ նաև` մեր անվտանգությունը: Մեր սերտ համագործակցությունը ՆԱՏՕ-ի, ՆԱՏՕ-ի ուսումնական հաստատությունների հետ և միջազգային օպերացիաներին մասնակցությունը որոշիչ կլինեն, երբ մենք շատ դինամիկ կերպով կգնանք դեպի եվրաատլանտյան կառույցների լիարժեք անդամակցություն:
Մենք հայտարարել ենք, որ մեր առաջնային նպատակը հենց այդ ընտանիքին անդամակցելն է: Մենք պետք է դառնանք եվրոպական մեծ ընտանիքի անդամ, բայց դրա համար պետք է շատ մեծ ջանքեր ներդնել և երկրում շատ բարեփոխումներ կատարել»,- հայտարարել է Ալասանիան:








































