«Ցանկացած ժողովրդի համար անկախությունն ամենակարևոր բանն է: Ի պատիվ մեզ պետք է նշենք, որ արդեն երկու տասնամյակից ավելի ունենք անկախություն, չնայած տարբեր հանգամանքների բերումով այսօր մենք խարխլում ենք անկախության և ինքնիշխանության հիմքերը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը՝ ավելացնելով, որ այդ գործընթացն ինչ-որ տեղ բնական է համարում:
Նրա խոսքերով՝ ավտորիտար համակարգից անցումը դեպի ժողովրդավարականի բավականին բարդ, ընդգրկուն գործընթաց է․ «Մենք հենց սկզբից ունեինք հնարավորություն ավելի քաղաքակիրթ, ավելի արժանապատիվ երկիր կառուցելու, սակայն արդեն 90-ականների կեսերից ունեցանք բազմաթիվ կեղծված ընտրություններ: Նույնիսկ մեկ տասնամյակ չունենալով անկախություն՝ մենք ունեցանք Հոկտեմբերի 27, մենք ունեցանք Ռոբերտ Քոչարյան, որի օրոք տեղի ունեցան տասնյակից ավելի քաղաքական սպանություններ: Այդ մարդու անմիջական մասնակցությամբ ունեցանք Մարտի 1, ունեցանք այդ սպանդին մասնակցած քաղաքական ուժեր, որոնք այսօր էլ անհասկանալի անուններով կամ ինչպես իրենք են ասում՝ այլընտրանք, քաղաքական դաշտում են: Հիմա մենք ունենք մի իրավիճակ, երբ քաղաքական համակարգը տոտալ ֆիասկոյի մեջ է»:
Սամսոնյանի կարծիքով՝ այսօր մենք ունենք խորհրդարանական մի այնպիսի համակարգ, որն ամբողջությամբ սատարում է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հարցում․ «Քաղաքական ուժերի մեջ այդ հարցումմ կա կոնսենսուս: Ցանկացած տնտեսական միությունում ինտեգրվելը այդ պետության որոշելու խնդիրն է: Բայց մենք մինչև սեպտեմբերի 3-ը ունեինք լիովին այլ պատկեր: Մինչ այդ ոչ իշխանությունը չէր ասում, ինչո՞ւ էիք ստորագրում Ասոցացման համաձայնագիր: Երբ ասում են իշխանությունը վերափոխվեց սեպտեմբերի երեքին, ես համաձայն չեմ, որովհետև ոչ իշխանությունը ևս ոչ մի ձայն չհանեց: Սեպտեմբերի երեքից հետո մենք լիովին այլ պատկեր ունենք. ունենք կոնսոլիդացված քաղաքական համակարգ Մաքսային միության շուրջ»,- ընդգծեց նա:
Սամսոնյանի խոսքերով՝ պետք չէ պայքարել իշխանությունների դեմ, պետք է պայքարել հանուն ժողովրդավարացման:
Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ մենք չենք կարողանում համոզել, քարոզել ուսանողներին ներգրավվել իրական քաղաքացու շարքերը. «Այսօրվա կրթական համակարգի համար ևս պատասխանատու ենք մենք: Այսինքն՝ ՀՀ այն քաղաքացիները, որոնք չեն փոխում բուհի խաղի կանոնները: Գոյություն ունի Հայաստանի Երիտասարդական հիմնադրամ, որը ղեկավարում է վաղուց ծերունի Կարեն Ավագյանը, որի միջոցով բուհերում տեղի է ունենում ուսանողների տոտալ վերահսկում: Ուսխորհրդի նախագահների միջոցով ուսանողներին դարձնում են հանրապետական: Մենք Բրյուսովում ունեցել ենք նմանատիպ դեպք՝ Հասմիկ Ափյան անուն-ազգանուն, որ բոլոր բրյուսովցիների մոտ հակակրանք է առաջացնում, և նա այն օրինակն է, թե ինչպիսին չպետք է լինի մարդը: Մարդ, որի դեմ 2000 ուսանող է ստորագել, չանցած երկու ամիս՝ նա դառնում է ուսանողական հարցերով ռեկտորի խորհրդարան: Հետո՝ Սևակ Խաչատրյան, գուցե որպես մարդ լավ մարդ լինի, բայց որպես ուսանողական ոլորտում գործունեություն ծավալած մարդ, հենց այն պահին, երբ նա լկտի, կեղտոտ բառերով վիրավորել է լրագրողներին, պետք է հեռացվեր: Նա պահել է իրեն այնպես, ինչպես կրիմինալները, ինչպես մարդիկ, որոնց տեղը քրեակատարողական հիմնարկներում է»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ մեր տեսանյութում։








































