Իրանի իշխանությունները մտադիր են երկրում արգելել հակաբեղմնավորիչների որոշ տեսակներ՝ իրանցիների շրջանում ծնելիության մակարդակը բարձրացնելու համար: Համապատասան օրինագիծը նախօրեին հաստատել է երկրի խորհրդարանը, հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
Ենթադրվում է, որ արգելքը կվերաբերի այնպիսի հակաբեղմնավորիչ միջոցների, ինչպիսին վազէկտոմիան է (տղամարդու վիրահատություն, որի ժամանակ փակվում են սերմնատար խողովակները) և նման պրոցեդուրաները կանանց շրջանում: Արգելքը խախտած բժիշկներին պատիժ կսպառնա: Արգելվում է նաև ծնելիության վերահսկման միջոցների, այդ թվում՝ պահպանակների գովազդը:
Օրինագծի ընդունման օգտին քվեարկել է Իրանի խորհրդարանի 231 պատգամավորից 143-ը: Ներկայումս օրինագիծը դրված է աստվածաբանների և իրավաբանների քննարկմանը, որոնց նշանակել է երկրի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Նրանք ուսումնասիրում են դրա համապատասխանությունն իսլամի կանոններին:
Ներկայումս Իրանի բնակչությունն ավելի քան 75 մլն է: Եթե ծնելիությունը չավելանա, մինչև 2094 թ. Իրանի բնակչությունը կարող է կրճատվել մինչև 31 միլիոնի, միաժամանակ, բնակիչների 47%-ը 60 տարեկանից մեծ կլինի, իրանցի քաղաքական գործիչների կարծիքը բերում է բրիտանական The Guardian-ը:
Օրինագծի հակառակորդները կարծում են, որ այն կարող է Իրանի այն կանանց, որոնք ձգտում են կրթություն ստանալ, ստիպելով սահմանափակել տնային տնտեսուհու և մոր դերով, կարող է դրդել աբորտների:
Այս մտավախությունը հիմնավոր է: Վերջերս երկրի իշխանությունները պարզել են, որ երկրի բնակչության սեռական կյանքը բավական ակտիվ է: Չամուսնացած աղջիկների 80%-ը, այդ թվում՝ ավագ դպրոցականները, ապրում են սեռական կյանքով: Հարցվածների 17%-ը հոմոսեքսուալ փորձ ունի, ցույց են տվել Իրանի խորհրդարանի հետազոտական կենտրոնի պատրաստած ուսումնասիրության արդյունքները, հայտնում է NEWSru Israel-ը:









































