Ռուսական Ria Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Աքքույու վայրում թուրքական առաջին ատոմակայանի կառուցման նախագծի տապալման որևէ սպառնալիք չի տեսնում։ Այն իրականացնելու է «Ռոսատոմ» պետական կորպորացիան.
«Ես դեռ որևէ սպառնալիք չեմ տեսնում այդ նախագծի համար: Թուրքական կողմը շահագրգռված է Աքքույուի ատոմակայանի կառուցման նախագծի իրագործման մեջ: Դեռ ամեն ինչ ընթանում է գրաֆիկին համաձայն:
Այդ նախագծում ներդրումների ընդհանուր ծավալը կազմելու է ավելի քան 20 միլիարդ դոլար: Մենք ամբողջովին ֆինանսավորելու ենք այդ նախագիծը: Այդ գումարի նվազագույնը 25 տոկոսը ծախսվելու է Թուրքիայում աշխատատեղերի ստեղծման վրա»:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն իր հերթին հայտարարել է, որ «Ռոսատոմ» ընկերությունն արդեն իսկ 1.5 միլիարդ դոլար է ներդրել Աքքույուի ատոմակայանի կանոնադրական հիմնադրամում, ինչը շուտով կհասցվի մինչև 2.4 միլիոն դոլարի:
2012 թվականի մարտի վերջին Բուլղարիայի կառավարությունը հայտարարեց, որ դադարեցնում է Բելենեի ատոմակայանի կառուցման նախագիծը, որը պետք է իրականացրեր ռուսական «Ատոմստրոյէքսպորտ» ընկերությունը:
Հիշեցնենք, որ միջերկրածովյան Մերսին նահանգի Աքքույու վայրում կառուցվելիք Թուրքիայի առաջին ատոմակայանն ունենալու է 4 էներգաբլոկ և 4500 մեգավատտ հզորություն:








































