Գազայի հատվածում ցամաքային օպերացիա անցկացնելու անհրաժեշտության վերաբերյալ Իսրայելի ղեկավարությունում լուրջ հակասություններ են ի հայտ եկել: Մինչ վարչապետ Բենիամին Նեթանյահուն տատանվում է Գազայում ցամաքային օպերացիա սկսելու հարցի շուրջ, նախարարները արտահայտում են տրամագծորեն հակառակ տեսակետներ: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը, որը հայտնի է պաղեստինցիների նկատմամբ իր սուր հայացքներով, անակնկալ կերպով դեմ է հանդես եկել Գազայի հատված ցամաքային ուժեր մտցնելուն: Նրա դիրքորոշումը կապում են ոչ թե մարդասիրական նկատառումների, այլ պրագմատիզմի հետ:
The Jerusalem Post-ի հաղորդմամբ՝ Լիբերմանը հայտարարել է, որ «Գազա ուժեր մտցնելու մասին հրաման տալն արդեն չափազանց ուշ է ներկայիս կառավարության համար»: «Չարժե նման որոշում ընդունել ընտրություններից երկու ամիս առաջ: Դա վճռական քայլ է, որից մենք խուսափել ենք 4 տարի, և արդեն ուշ է` ներկայում այն ձեռնարկելու համար»,- ընդգծել է արտգործնախարարը: Նրա խոսքով՝ «եթե այլընտրանք չլինի, ապա թող ապագա կաբինետն իր վրա վերցնի պատասխանատվությունը»:
Քաղաքացիական պաշտպանության հարցերի պատասխանատու Ավի Դիխտերը (իշխող կուսակցությունից) կարծում է, որ «մի քանի ավիահարվածներով ահաբեկիչներին ոչնչացնել հնարավոր չէ»: «Ամերիկացիները դա գիտեն սեփական փորձից, մենք՝ մեր փորձից»,- ասել է նա՝ ելույթ ունենալով ԱՄՆ-ի հրեա քաղաքական գործիչների խմբի առջև: «Գազայի հատվածը պետք է հատվի՝ ահաբեկչության ենթակառուցվածքի ոչնչացման համար` լինի այսօր, մեկ ամիս, թե մեկ տարի անց: Մենք բավարար ուժ ունենք դա անելու համար: Հարցը միայն ժամանակն է»,- ընդգծել է Դիխտերը:
Նրա խոսքով՝ Իսրայելը պետք է դիմի ամենավճռական գործողությունների՝ հաշվի առնելով «արաբական գարնան» հետևանքները, որոնք տարածաշրջանի մի շարք պետություններում իշխանության բերեցին «Մուսուլման եղբայրներ»-ին: Գազայում ՀԱՄԱՍ-ը նույն «մուսուլման եղբայրներն» է»,- ասել է Դիխտերը:
Դիխտերի դիրքորոշումն են պաշտպանում ծայրահեղական կրոնական կուսակցությունների պատգամավորները: Մասնավորապես, Ազգային միության առաջնորդ Ուրի Արիելը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի մասին համաձայնագրի կնքումը իսրայելցիներին կստիպի իրենց դավաճանված զգալ Նեթանյահու-Լիբերման կառավարության կողմից:
Նույնիսկ վարչապետի գլխավորած «Լիկուդ» կուսակցության շատ քաղաքական գործիչներ են դժգոհ նրա երկմտանքից: Այդ կուսակցության պատգամավոր Կարմել Շամա Քոեն Հա Քոենը կարծիք է հայտնել ընտրությունների հետաձգման անհրաժեշտության վերաբերյալ, որպեսզի կառավարությունը ՀԱՄԱՍ-ի դեմ օպերացիան բարեհաջող ավարտին հասցնի:








































