Amazon-ը կարող է հունիսի 18-ին նոր սմարթֆոն ներկայացնել: Այս մասին հայտնում է TechCrunch պորտալը:
Առաջին տեղեկություններն այն մասին, որ ընկերությունը պատրաստվում է սեփական սմարթֆոնը թողարկել, ԶԼՄ-ներում հայտնվել էին հոկտեմբերին: Երեկ Amazon-ը հաղորդագրություն է հրապարակել Twitter-ում՝ հրավիրելով ծրագրային մշակողներին ու լրագրողներին Սիեթլում անցկացվելիք միջոցառմանը: Սպասվում է, որ հենց այնտեղ ընկերությունը կցուցադրի իր նոր սարքը:
Սմարթֆոնի նկատմամբ հետաքրքրությունը թեժացնում է այն տեղեկությունը, թե նոր սարքը զինված կլինի 4 հատուկ տեսախցիկներով, որոնք կհետևեն օգտատիրոջ աչքերի շարժմանը և կունենան եռաչափ ինտերֆեյս: Բացի դրանից՝ հատուկ ծրագիրը կօգնի օգտատիրոջը լուսանկարել օբյեկտներն ու ակնթարթորեն գտնել նմաններն առցանց խանութում:
Հայտնի չէ, թե ինչ ՕՀ-ով կաշխատի սմարթֆոնը: Ընկերության Kindle Fire պլանշետը կիրառում է Google Android հարթակը:











































