Չինաստանի Գուանդուն, Խունան, Ցզյանսի, Ֆուցզյան և Գուանսի-Չժուանի ինքնավար շրջանում գրեթե 9,93 միլիոն բնակիչներ տուժել են անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղներից:
Վերջին տվյալների համաձայն՝ 64 մարդ է զոհվել, իսկ վեցը անհետ կորած են համարվում, հաղորդում է «Սինխուա» գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ Խունան նահանգում տեղումների հետևանքով սողանքներ են առաջացել: Նախնական տվյալներով՝ փրկարարներին հաջողվել է 20 հազար մարդու տարհանել:
Իշխանությունները հինգ տուժած նահանգներում տնտեսական վնասները 572 միլիոն դոլար են գնահատում: Երկրի կառավարությունը 82 միլիոն դոլար է տրամադրել տուժած շրջաններին:
Օդերևութաբանները կանխատեսում են, որ հորդառատ անձրևները կդադարեն մինչև հունիսի 4-ը:
Չինաստանի հարավում անձրևները երեք շաբաթ շարունակ չեն դադարում: Մայիսի 12-ին երկրի իշխանությունները հայտարարել են այն մասին, որ հորդառատ անձրևները վնասել են 39.1 հազար հա տարածոթյան վրա ցանված բերքը: Գրեթե 1.5 հազար տուն քանդվել է, իսկ 9.2 հազարը՝ վնասվել:







































