Ադրբեջանն ու Ռուսաստանը կարող են համատեղ ներդրումային հիմնադրամ ստեղծել: Ինչպես փոխանցում է APA գործակալությունը, այդ մասին ասել է այցով Բաքվում գտնվող Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը ԱԴԱ համալսարանում ելույթի ժամանակ:
Նա նշել է, որ այդ հարցը քննարկվել է Ադրբեջանի տնտեսության և արդյունաբերության նախարար Շահին Մուստաֆաևի հետ: «Ռուս-ադրբեջանական հիմնադրամը կարող է օգնել խոշոր նախագծերի իրականացման հարցում»,-նշել է Ուլյուկաևը: Նա հավելել է, որ Ռուսաստանը նման հիմնադրամներ է ստեղծել Կատարի, Քուվեյթի, Հարավային Կորեայի, Չինաստանի և այլ երկրների հետ:
Ադրբեջանցի նախարարն իր հերթին, պատասխանելով ուսանողների հարցերին, նշել է, որ Ադրբեջանը չի ծրագրում միանալ որևէ միության, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միությանը: Նախարարը հայտնել է, որ Ադրբեջանը խնդիր չունի Ռուսաստանի հետ առևտրի ռեժիմի հետ կապված՝ նշելով, որ այդ ռեժիմը հարմարավետ է:








































