«Վրաստանի տեղը Եվրոպայում է, և ոչ մի ուժ մեզ չի ստիպի թեքվել այդ ճանապարհից»,- Բելգիայում՝ հարվարդյան ակումբում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Նա հուսով է, որ ԵՄ-ն գիտակցում է այդ հեռանկարը՝ հայտնում է «Գրուզիա օնլայն»-ը:
«Արևելյան գործընկերության հաջողակ երկրների ԵՄ-ում ընդգրկվելու հստակ հեռանկարի տրամադրումը կփոխի մեր տարածաշրջանը և կապահովի, որպեսզի ուկրաինականի նման ճգնաժամ չկրկնվի»,- ասել է Ղարիբաշվիլին:
Նա հայտարարել է, որ Ռուսաստանի ներկայիս գործողությունները միանշանակա ազդում են Ուկրաինայի անվտանգության վրա:
«Երբ Ռուսաստանը բռնակցեց Ղրիմը, կառավարությունը, մեծ մասը քննադատեցին այդ արարքը որպես ոտնձգություն «սառը պատերազմից» հետո Եվրոպայում անվտանգության տեսանկյունից հաստատված կարգի դեմ: Միևնույն ժամանակ, ոմանք մոռացել են, որ 2008-ին Ռուսաստանն օկուպացրեց Վրաստանի տարածքի մեկ հինգերորդ մասը: Վրաստանը Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի, բայց մենք նախկինի պես ջանում ենք խաղաղ ճանապարհով հարթել հակասությունները, նորմալացնել հարաբերությունները: Չնայած իմ կառավարության առաջընթացային և խաղաղ փորձերին՝ Մոսկվան շարունակում է պրովոկացիոն գործողությունները՝ օկուպացիայի գծի երկայնքով փշալարեր տեղադրելով»,- ասել է Ղարիբաշվիլին:
Վրաստանի վարչապետն անհանգստություն է հայտնել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի կապակցությամբ՝ նշելով, որ Ղրիմի անօրինական բռնակցմանը հաջորդել է ապակայունացմանն ուղղված ծրագիր Արևելյան Ուկրաինայում:
Ղարիբաշվիլին նշել է, որ իր երկիրը բավական լավ հարաբերություններ ունի տարածաշրջանի մյուս երկրների, այդ թվում՝ Հայաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որ կովկասյան տարածաշրջանում իրենց նպատակն է տարածաշրջանային ինտեգրացիային նպաստելն ու Վրաստանը որպես տարածաշրջանային ցանցի ու նախաձեռնությունների կենտրոն ձևավորելը: Նա նշել է, որ միջազգային անվտանգության առումով Վրաստանի դիքորոշման գլխավոր ասպեկտը նախկինի պես Վրաստանի հարաբերություններն են եվրոպական և եվրատլանտյան ինստիտուտների հետ՝ ընդգծելով, որ չափազանց կարևոր է ՆԱՏՕ-ի դերն ու Վրաստանի ընդգրկվելու հեռանկարը:
Ղարիբաշվիլին նաև ԵՄ-ին և ԱՄՆ-ին կոչ է արել նախկինի պես կենտրոնական դեր խաղալ սևծովյան տարածաշրջանում կայունության և բարեկեցության ապահովման գործում:









































