Նախագահի դժգոհությունները դատախազության աշխատանքից այս մարմնում ակտիվություն են առաջացրել: Համակարգում պայքար է սկսվել հետաքննության, նախաքննության, դատարաններում մեղադրանքի պաշտպանության ընթացքում արձանագրված թերությունների դեմ: Դատախազներ են ազատվում աշխատանքից, ոմանց դեմ նյութեր են նախապատրաստվում, ոմանց նկատմամբ ծառայողական քննություն է ընթանում:
«Հրապարակ»-ը գրում է, որ Շենգավիթի դատախազ Գևորգ Երեմյանին տարել են Արաբկիր` Գրիշա Միքայելյանի փոխարեն, իսկ Շենգավիթի դատախազ է նշանակվել Արթուր Դավթյանը` ազատվելով Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների վարչության պետի տեղակալի պաշտոնից: Սյունիքի մարզի դատախազ է նշանակվել Նորայր Հակոբյանը` ազատվելով պետական շահերի պաշտպանության վարչության պետի տեղակալի պաշտոնից: Այլ ռոտացիաներ էլ են կատարվել համակարգում, որոնց առաջիկայում թերթը կանդրադառնա: Սակայն Գլխավոր դատախազության տարածած տեղեկությունները ժլատ են և հանրությանը ցույց են տալիս միայն այսբերգի գագաթը, որը փոքրիկ է: Ընդամենը հաղորդվում է, թե ում են հանում պաշտոնից, ում են նշանակում նրա փոխարեն, ում դեմ են վարույթ սկսում, բայց թե ինչո՞ւ են պատժվում հենց տվյալ անձինք, ո՞ր քրեական գործերով է նախաքննությունը թերի, կամ որո՞նք են ամենախայտառակ հետաքննություններն ու դատարանում ներկայացված մեղադրականները, գաղտնի է պահվում: Պատժվողներից առաջինը Կոտայքի ավագ դատախազ Մեսրոպ Մանրիկյանն էր, որը թոշակից երկու տարի առաջ աշխատանքից հեռացվելով` փոխհատուցեց որդու և լրագրող Ռուբեն Գրդզելյանի միջև քաշքշուկի համար: Երեկ էլ դատախազությունը տարածեց, որ կարգապահական վարույթներ են հարուցվել Երևանի դատախազ Հրաչ Բադալյանի, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն շրջանների դատախազ Գրիշա Միքայելյանի, նաև Սյունիքի դատախազի տեղակալի նկատմամբ: Գլխավոր դատախազի մամուլի քարտուղարն այլ մանրամասներ չի հրապարակում` խոստանալով դրանք ներկայացնել վարույթների ավարտին: Անպարտաճանաչ դատախազները հո հասարակ քաղաքացիներ չե՞ն, որոնց մի քանի հազար հավ կամ կով գողանալու համար, առանց անմեղության կանխավարկած հաշվի առնելու, 02-ով նկարեն և խայտառակ անեն հանրապետությունով մեկ:
Թերթի տեղեկություններով, Արաբկիրի դատախազի դեմ դժգոհությունները կապված են նրա ենթականերից մեկի` Արաբկիրի ավագ դատախազ Խաչատուր Բաղդասարյանի դեմ քրեական հետապնդման փաստի հետ: Վերջինս մեղադրվում է կաշառակերության մեջ և ներկայումս հետախուզման մեջ է: Այս նույն գործի հետ է կապված նաև Երևանի դատախազի դեմ հարուցված վարույթը, քանի որ օրենքով հենց Երևանի դատախազությունն է համարվում վարչական շրջանների դատախազությունները վերահսկող մարմին, իսկ վարչական շրջանի դատախազը` տվյալ դեպքում Միքայելյանը, զուտ կազմակերպչական գործառույթներ ունի, ինչն օրենքի բացերից է համարվում: Ինչ վերաբերում է Սյունիքի դատախազի տեղակալին, ապա Գլխավոր դատախազությունն անգամ նրա անունը չի հայտնում: Սակայն հայտնի է, որ նրա դեմ հարուցված վարույթը կապված է խայտառակ խախտումների հետ, որոնք թույլ են տրվել քրեական գործերով: Ի դեպ, այս գործերից մեկով շրջանառվում է նաև Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի անունը: Ոչ պաշտոնական աղբյուրներից հայտնի է, որ դատախազի տեղակալի դեմ հարուցված վարույթը կապված է 2010 թ-ին Կապանի ռեստորաններից մեկում տեղի ունեցած սպանության հետ, որը կապվում էր մարզպետ Սուրեն Խաչատրյանի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի անվան հետ: Դատախազ Թարվերդյանն այն ժամանակ արել է ամեն ինչ, որ մարզպետի թիկնապահը հայտնվի ճաղավանդակի հետևում, բայց վերջինի փոխարեն այլ անձ է նստել: Սա հենց այն դեպքն է, որի մասին խոսում էր Սերժ Սարգսյանը` երբ անմեղ մարդիկ դատվում են մեղավորների փոխարեն:
Թերթի տեղեկություններով, Լիսկան չի մոռացել այս պատմությունը և ջանացել է, որ իր ուզած հունով գնա ամեն ինչ: Մարզի դատախազ Արայիկ Թարվերդյանի և Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի լարված հարաբերությունների մասին շատերը գիտեն:








































