Տեխասի դատարանը մեղավոր է ճանաչել Apple ընկերությանը VinetX ընկերությանը պատկանող տեխնոլոգիայի արտոնագիրը խախտելու համար, որը իբր օգտագործվում է ծրագրում FaceTime տեսազանգի իրականացման ժամանակ, և պարտավորեցրել է տուժած կողմին վճարել 368 մլն դոլար: Այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը:
Apple-ի և VirnetX-ի միջև կռիվը սկսվել էր 2011 թ. նոյեմբերից, երբ վերջինս Տեխասի դատարան էր ներկայացրել հայց, որով հավաստիացնում էր, որ Apple-ը անօրինական կերպով օգտագործում է իր տեխնոլոգիաները այդ ժամանակ նորագույն համարվող iPhone 4S-ում:
«Apple-ը տարիներ շարունակ հրաժարվում էր VinretX ընկերությանը վճարել արտոնագրի օգտագործման գումարը: Apple-ն ասում է, որ ինքը ոչինչ չի խախտել, սակայն ընկերության տեխնիկական ինժեներները հաստատում են, որ մշակել են FaceTime-ը՝ առանց որևէ մեկի արտոնագրին նայելու»,- նշել է VirnetX ընկերության փաստաբանը:
Իր արտոնագրերը խախտելու համար VirnetX ընկերությունը հայցեր է ներկայացրել նաև Cisco, Avaya և Siemens ընկերություններին ևս: Այս գործով դատական նիստերը սկսվելու են հաջորդ տարվա գարնանը:









































