Սոմալիում, որտեղ ավելի քան 20 տարի շարունակվում է արյունահեղ ներքին հակամարտությունը, կիրակի ձևավորվել է նոր կառավարություն,- հաղորդում է ITAR-TASS-ը: Վարչապետ Աբդի Ֆարահ Շիրդոն Սայիդի կառավարության մեջ մտել է ընդամենը տասը մարդ:
Սոմալիի պատմության մեջ առաջին անգամ արտգործնախարար է դարձել կին: Գերատեսչությունը գլխավորել է Ֆաուսին Յուսուֆ Հաջի Ադանը, որը կյանքի մեծ մասն անցկացրել է Մեծ Բրիտանիայում:
Այժմ կառավարության կազմը պետք է հաստատվի խորհրդարանի կողմից:
Սոմալին՝ որպես միասնական պետություն, փաստացիորեն գոյություն չունի 1991 թվից, երբ տապալվեց բռնապետ Սիադ Բարեի իշխանությունը: Այժմ երկրի մեծ մասը գտնվում է «Ալ-Շաբաբ» իսլամիստական խմբավորման վերահսկողության ներքո։








































