Ուկրաինայի համար չափազանց կարևոր է մայիսի 25-ին նախագահական ընտրությունների անցկացումը, քանի որ հակառակ դեպքում երկիրը կարող է պատել քաոսն ու քաղաքացիական պատերազմը՝ այսօր BFM TV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
«Եթե մայիսի 25-ին ընտրություններ չանցկացվեն, Ուկրաինային կսպառնա քաոս և քաղաքացիական պատերազմ»,- ասել է նա:
«Պետք է ամեն ինչ անել քաղաքացիական պատերազմից խուսափելու համար, քանի որ երբ այդպիսի հակամարտություն է սկսվում, երբեք չգիտես՝ այն երբ կավարտվի»,- հավելել է Օլանդը:
Նա հայտնել է, որ Ռուսաստանի ղեկավարությանը տեղեկացրել է, թե Ֆրանսիան որքան մեծ նշանակություն է տալիս ընտրություններին Ուկրաինայում: Օլանդը ճշգրտել է, որ Մոսկվայի հետ այս հարցով կապվել է ոչ ուղղակի, այլ միջնորդների օգնությամբ:
Օլանդը վստահեցրել է, որ ուկրաինական ճգնաժամի հարցում նույն դիրքորոշումն ունի, ինչ Գերմանիան:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել ավելի մեծ ջանքեր ներդնել ուկրաինական ճգնաժամը կարգավորելու ուղղությամբ:








































