Այսօր ՀՀ-ում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն (ՀԱՊԿ) ինստիտուտը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) և Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի հետ համատեղ անցկացրեց «Հավաքական ինքնապաշտպանություն: Քաղաքական խնդիրներ և իրավական ասպեկտներ» միջազգային խիստ գիտագործնական գիտաժողով:
Միջոցառմանը մասնակցեցին ինչպես հայաստանցի, այնպես էլ ռուսաստանցի վերլուծաբաններ, որոնք խոսեցին բացառապես հավաքական անվտանգության գործնական ու կազմակերպչական հարցերի շուրջ մի աշխարհաքաղաքական փուլում, երբ անհրաժեշտ է, որ գնահատականներ տրվեն Ուկրաինայում Ռուսաստանի քաղաքականությանը՝ որպես ՀԱՊԿ անդամ պետության, և ՀԱՊԿ-ի գործունեությանը, ՀԱՊԿ անդամ երկրների հետ Ռուսաստանի վարած քաղաքականության համաձայնեցման անհրաժեշտության շուրջ:
Գիտագործնական միջոցառման կազմակերպիչ Նվեր Թորոսյանը նշեց, որ պատահական չէ, որ գիտաժողովը կազմակերպվել է այս օրերին և այս տարածաշրջանում, քանի որ օրըստօրե աճում է լարվածությունը տարածաշրջանում բոլոր ուղղություններով: «Մենք փորձելու ենք լուծումներ գտնել, նոր խոսք ասել, բարձրացնել խնդիրներ ու դրանք հրատարակել ժողովածուի տեսքով՝ դա տրամադրելով ռազմական քաղաքական գործիչներին և հասարակության լայն շրջանակներին»,- նշեց նա:
Բանախոսները խոսեցին այն անհրաժեշտության մասին, թե ինչպես պետք է ՀԱՊԿ-ն արձագանքի և քաղաքականություն մշակի տարածաշրջանային գունավոր հեղափոխությունների դեպքում, որոնք, նրանց համոզմամբ, հանգեցնում են պետական հեղաշրջման, ինչպես Ուկրաինայում:
Սանկտ Պետերբուրգի իրավաբանական ինստիտուտի դոցենտ Ելենա Ամպլեևան գնահատեց ՆԱՏՕ-ի քաղաքականությունը և այն, որ ՆԱՏՕ-ն իր քաղաքականությամբ վտանգի է ենթարկում ՀԱՊԿ սահմանները, այն, որ ՆԱՏՕ-ն չի հարգում աշխարհի կանոնակարգն ու բիրտ կերպով ոտնահարում է այն:
Առաջարկում ենք մանրամասներին ծանոթանալ տեսանյութի միջոցով:








































