Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Հարությունյանի նախագահությամբ սկսվում է Ավետիս Մանուկյանի գործի դատական քննությունը:
50-ամյա Ավետիս Մանուկյանը տնից հեռախոսով խոսել է աշխատավայրում գտնվող կնոջ՝ Նատալյայի հետ: Խոսակցության ընթացքում Ավետիսը կենցաղային վեճի մեջ է մտել կնոջ հետ և վիրավորվել նրանից:
Վիճաբանական խոսակցությունից հետո Ավետիսը տանը միայնակ օգտագործել է մեծ քանակությամբ ալկոհոլային խմիչք, հարբել է, ապա տնից վերցրել է խոհանոցային դանակն ու կնոջը դանակահարելու մտադրությամբ գնացել է կնոջ աշխատանքի վայր՝ «Հայաթ» հյուրանոցային համալիր:
2014 թվականի փետրվարի 23-ի կեսգիշերին Ավետիսը դանակը ձեռքին մտել է հյուրանոց, առաջին հարկում հանդիպել է կնոջը և դանակով մեկ անգամ հարվածել է նրան՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս:
Ավետիս Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:
Ավետիս Մանուկյանի խափանման միջոցը կալանավորումն է:








































