Վատիկանում որպես թանգարանային ցուցանմուշ ներկայացված է Fiat Campagnola բաց սպիտակ ավտոմեքենան, որով Հռոմի պապ Հովհաննես-Պողոս 2-րդը տեղաշարժվել է Սուրբ Պետրոսի հրապարակով իր վրա կատարված հարձակման օրը՝ 1981թ. մայիսի 13-ին:
Պատմական «պապամոբիլի» հայտնվելը կապված է Հովհաննես Պողոս 2-րդի՝ Հռոմի պապ օծվելու 34-րդ տարեդարձի հետ:
1981թ. մայիսի 13-ին նա ծանր վիրավորվել էր: Թուրք ահաբեկիչ Մեհմեդ Ալի Ագջան կրակել էր պապի վրա Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում: Ագջան նույն թվականի հուլիսին դատապարտվեց ցմահ բանտարկության, սակայն այնուհետև համաներման արժանացավ Իտալիայի նախագահի կողմից:
Հանրությունը այդ ավտոմեքենան առաջին անգամ է տեսնելու այն բանից հետո, երբ մեքենան մեծ արագությամբ սլացավ վատիկանյան դարպասների ուղղությամբ՝ տանելով վիրավոր պապին:
Մեքենան պապին նվիրել էր Fiat կոնցեռնը` 1980թ. Թուրին կատարած այցի ժամանակ:
Պապական ավտոմեքենաների հավաքածուն Վատիկանը հավաքում է 1973 թվականից:








































