ՀՀ ոստիկանությունը հաջորդ տարի մոտ 20 %-ով ավելի շատ ֆինանսավորում կստանա, քան այս տարի. 2013 թ. պետբյուջեի նախագծով Վլադիմիր Գասպարյանի ղեկավարած կառույցին նախատեսվում է հատկացնել 30 մլրդ 763 մլն դրամ՝ 2012-ի 25 մլրդ 666 մլն դրամի փոխարեն:
ՀՀ նախագահի ընտրություններն «անփորձանք» անցկացնելու համար ոստիկանությանը կհատկացվի ավելի քան 255 մլն դրամ: Ի դեպ, այս տարի Աժ ընտրությունների համար հատկացվել էր մոտ 249 մլն դրամ: Երևան քաղաքի ավագանու անդամների ընտրությունների համար հատկացվելու է 82.8 մլն դրամ:
ՀՀ անձնագրերի բլանկների տպագրությունը կարժենա173.6մլն դրամ, հասարակական կարգի պահպանության ապահովումը՝ 27 մլրդ 721.6 մլն դրամ, որից աշխատանքի վարձատրությունը՝ 23.3 մլրդ դրամ՝ այս տարվա 18.5 մլրդի փոխարեն (աճը՝ 26 %): Ոստիկանության արտագերատեսչական ծախսերը կկազմեն 39 մլն դրամ, գործուղումների և շրջագայությունների ծախսերը՝ 351 մլն դրամ, շենքերի և կառույցների ընթացիկ նորոգումը և պահպանումը՝ 5 մլն դրամ, մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգումը և պահպանումը՝ 31 մլն դրամ, սոցիալական նպաստները և կենսաթոշակները՝ 453.7 մլն դրամ:
Ոստիկանությունը նախատեսում է հաջորդ տարի 236 մլն դրամ ծախսել պետավտոհամարանիշների ձեռք բերման համար, բուժծառայության համար՝ 73.7 մլն, ՀՀ պետական կառավարման մարմինների և կազմակերպությունների շենքերի և շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանության համար՝ 1 մլրդ 362.2 մլն դրամ:








































