«Մեր պետությունը կայացել է, այն կա, ինչը, ի դեպ, ոչնչով կանխորոշված չէր 21 տարի առաջ: Առաջին հերթին` ունենք պետություն, երկրորդ՝ Հայաստանը Հարավային Կովկասի միակ պետությունն է, որ պահպանեց իր տարածքները ու վերահսկում է իր սահմանները` ի տարբերություն Վրաստանի և Ադրբեջանի: Հայաստանը Հարավային Կովկասի միակ երկիրն է, որ ունի այնպիսի կարևոր պետականաստեղծ ինստիտուտ, ինչպիսին բանակն է, որի շնորհիվ` սկսած 1994թ., մենք պահպանում ենք մեր գոյությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ հպանցիկ հայացք գցելով Հայաստանի Հանրապետության անկախության 21 տարիներին:
Բանախոսը հատուկ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ներկայում ունենք հայկական երկու պետություն: Անդրադառնալով ՀՀ ձեռքբերումներին` քաղաքագետը նշեց ձևավորված քաղաքական համակարգը, տնտեսությունը, որը բացթողումներով հանդերձ` ամենալավն է Հարավային Կովկասում:
«Եթե Ադրբեջանի էկոնոմիկայից դուրս բերենք նավթագազային գործոնը, ապա նրանց վիճակը ավելի վատ կլինի»,- ասաց Ա. Իսկանդարյանը:
«Պետությունը շատ երիտասարդ է, քաղաքական համակարգը դեռ լիովին ձևավորված չէ: Ցանկացած ընտրություն մեզանում վերածվում է տարերային աղետի, ցանկացած իշխանություն թույլ լեգիտիմություն ունի: Հայկական իշխանությունները սովորել են ապրել թույլ լեգիտիմության պայմաններում: Դա պետք է հաղթահարել, քանի որ միայն այդ դեպքում երկիրը կշարունակի գոյատևել»,- նշեց նա:
Բանախոսը շեշտեց, որ երկրի բացթողումներից է այն, որ կուսակցական համակարգը ձևավորված չէ, բացակայում են քաղաքական մշակույթի տարրերը, խնդիրներ ունի տնտեսությունը, բիզնեսի զարգացման համար բացակայում են անհրաժեշտ նախապայմանները, խնդիրներ կան` կապված կոռուպցիայի հետ:
Ըստ քաղաքագետի՝ Հայաստանը «մեծ հարկ» է տալիս բանակին և Լեռնային Ղարաբաղին օգնելու համար:
«Հսկայական ճանապարհ ենք անցել, որը հաճախ չենք գնահատում, չենք հասկանում, թե ինչպես է մեր աչքի առաջ պատմություն կերտվում: Եկել է շարունակական, պերմանենտ փոփոխությունների ժամանակը՝ պայքար կոռուպցիայի դեմ, օրենքի գերակայություն, որը պետք է դառնա մշտական գործընթաց»,- ամփոփեց քաղաքագետը:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի








































