Բրյուսելի ոստիկանությունը ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին տարհանել է այն բանից հետո, երբ դեսպանատան շենքից ոչ հեռու կասկածելի ավտոմեքենա է հայտնաբերվել, հաղորդում է Agence Franc-Presse-ը: Reuters-ն իր հերթին գրում է, որ հայտնաբերվել է երկու ավտոմեքենա, որոնցում գազի բալոններ են եղել:
Տեղի Le Soir թերթի հաղորդմամբ՝ դեսպանատան շենքից դուրս է բերվել շուրջ 100 մարդ: Բացի դիվանագիտական առաքելությունից՝ տարհանվել են մոտ գտնվող մի քանի շենքերի աշխատակիցներ, այդ թվում՝ Բելգիայի պաշտպանության նախարարության աշխատակիցները: Տարածքում երթևեկությունը դադարեցվել է, ինչը խոշոր խցանումներ է առաջացրել:
Այս պահին սակրավորներն ուսումնասիրում են ավտոմեքենաները: Դրա համար օգտագործվում է հատուկ ռոբոտ:
Ո՛չ ամերիկյան դեսպանատան կայքում, ո՛չ դեսպանատան Twitter-ի էջում տարհանման մասին տեղեկությունը չի մեկնաբանվում:








































