Մեծ Բրիտանիայի մշակույթի, լրատվամիջոցների և սպորտի նախարար Ջերեմի Հանտը հայտարարել է, որ հիասթափված է 30-րդ Օլիմպիական խաղերի դատարկ տեղերով: Նա նշել է, որ Խաղերի կազմակերպման լոնդոնյան կոմիտեին հրահանգել է հարթել իրավիճակը:
Հանտի տեղեկություններով` դատարկ մնացած տեղերի տոմսերի մի մասը մարզիկների համար է: Սակայն նախարարը ամբողջովին համոզված չէ դրանում:
ВВС-ի տվյալներով` Օլիմպիադայի հյուրերը բախվել են մի տհաճ երևույթի: Մի կողմից` տոմսեր անհնար է հայթայթել, մյուս կողմից` հեռարձակման ժամանակ երևում են տրիբունաների դատարկ տեղերը:
Հանտը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի իշխանությունները կփորձեն շտկել ստեղծված իրավիճակը:
«Ամոթ է, որ ամեն ինչ այդպես դասավորվեց, և մենք կանենք մեզանից կախված ամեն ինչ, որպեսզի մարզադաշտերը լիքը լինեն»,- ասել է պաշտոնյան:
Ոստիկանությունը արդեն սկսել է պայքարել վերավաճառողների դեմ: Ներկայումս արդեն ձերբակալվել է նրանցից 16-ը, որոնց հիմնական մասը օտարերկրացիներ են:









































