Հայաստանում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի ու Եվրամիության դիվանագիտական առաքելությունները համատեղ հայտարարություն են տարածել ընտրական գործընթացի վերաբերյալ՝ մատնանշելով և մտահոգություն հայտնելով ընտրողների վրա անօրինական ճանապարհով տարբեր ազդեցություն գործելու մասին տեղեկությունների կապակցությամբ: Այս հայտարարության առիթ է դարձել թերևս դպրոցների և մանկապարտեզների տնօրենների հետ կապված վերջին օրերի աղմկոտ ձայնագրությունների տարածումը, որ իրականացրել էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» դիտորդական ՀԿ-ն, թե ինչպես են մանկապարտեզների և դպրոցների տնօրենները ցուցակներ կազմում ՀՀԿ շտաբների համար:
Վարչական ռեսուրսի ներգրավման այդ փաստերին ՀՀԿ-ն արձագանքեց հայտարարություններով, թե դա զրպարտություն է, անմեղության կանխավարկածի խախտում, և որ տնօրենները չեն արել որևէ անօրինական բան, քանի որ նրանք նաև կուսակցական են և աշխատանքից դուրս զբաղվել են իրենց կուսակցական գործառույթներով: Իհարկե, այս երևույթը լիարժեք գնահատական կարող էր ստանալ միայն այն դեպքում, երբ Հայաստանում լիներ անկախ արդարադատություն, իրավապահ անկախ համակարգ: Այդ տեսանկյունից զարմանալի ոչինչ չկա, որ ներկայացվող ձայնագրությունները, աղմուկից բացի, չեն ունենա որևէ այլ հետևանք:
Ինչ-որ բան կարո՞ղ է փոխել միջազգային դիվանագիտական ներկայացուցչությունների արձագանքը: Զուտ արձագանքը ինքնին, իհարկե՝ չունի որևէ նշանակություն, չի կարող ունենալ: Ամբողջ հարցն այն է, թե միջազգային կառույցները ի՞նչ կարող են անել ընտրական օրինականության գործում իշխանության վրա առավել գործնական ազդեցության համար: Եվ այս տեսանկյունից առաջնային պլանում է մի հարց, որն ըստ էության վաղուց է տրվում հանրային շրջանակներում: Խոսքը ընտրական գործընթացների նկատմամբ անօրինականություններ թույլ տվող և դրանց համար պատասխանատու անձանց նկատմամբ հասցեական պատժամիջոցների կիրառման մասին է:
Հայաստանում սահմանադրական հանրաքվեից հետո ԱՄՆ դեսպանատունը տարածեց հայտարարություն, որտեղ ակնարկվում էր այս մոտեցման մասին և հայտարարվում, որ անօրինականություններին առնչություն ունեցած անձինք չեն ներգրավվի ԱՄՆ դեսպանատան ծրագրերում: Ակնհայտ է սակայն, որ տվյալ պարագայում առավել ազդեցիկ քաղաքական նշանակություն ունենալու համար մոտեցումը պետք է ներառի առավել բարձր քաղաքական մակարդակ: Տվյալ պարագայում ամենևին պատրանքներ չկան, որ հայաստանյան տարբեր մակարդակի պաշտոնյաները կամ ընտրական զեղծարարությունների մեջ ներգրավված այլ անձինք պատժամիջոցների վտանգից խուսափելու համար այլևս որևէ դեպքում չեն գնա այսպիսի գործողությունների:
Տվյալ պարագայում առանձնահատուկ նշանակություն ունի այն, որ պետք է հստակ ազդակներ տրվեն նաև Հայաստանի հանրությանը, որ միջազգային կառույցները հետևողական են ընտրական գործընթացի իրավականության, օրինականության և հավասարության ապահովման խնդրի լուծման գործում Հայաստանի քաղաքացիներին օժանդակության հարցում:
Կասկած չկա, որ պատժի մեխանիզմը ինքնին չափազանց անարդյունավետ է որևէ խնդիր լուծելու համար, իսկ ընտրական գործընթացի հավասարության խնդրի լուծման համար Հայաստանում անհրաժեշտ են խորքային ոչ միայն իրավական, այլև ֆինանսատնտեսական բարեփոխումներ: Սակայն շատ կարևոր են մեսիջները, ազդակները, որոնք հանրության համար կլինեն շատ պարզ ու հասկանալի, տեսանելի: Դրանից է կախված ի վերջո նաև Հայաստանի քաղաքացիների վերաբերմունքը արդեն առավել խորքային ու համակարգային ծրագրերի հանդեպ, որ Հայաստանի ժողովրդավարացման և իրավականացման համար կառաջարկեն միջազգային գործընկերները:
Ոչինչ չպետք է լինի ինքնանպատակ, միաժամանակ, սակայն, որևէ բան էլ չպետք է լինի աննպատակ կամ թողնի այդպիսի տպավորություն, կամ լղոզվեն հռչակված նպատակները: Այդ հարցում ընտրական գործընթացը առանցքային կետ է Հայաստանի քաղաքացիների և միջազգային գործընկերների նպատակների համադրելիության չափման և վստահության համար:












































