«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:
– Պարոն Հովհաննիսյան, արդյոք պատրաստվո՞ւմ եք որևէ ձևաչափով մասնակցություն ունենալ առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Տեղեկություն կա, որ հնարավոր է՝ համագործակցեք Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցության հետ:
– Դուք գիտեք, որ 2012 թվականին Հայաստանի քաղաքագետների միության նախաձեռնությամբ ստեղծվեց ընտրությունների վերահսկման միասնական շտաբ: Գիտեք նաև, որ այն քաղաքական ուժերի համախմբման առաջին հաջողված փորձն էր՝ շտաբի անդամ ուժերը ստորագրեցին միասնական հայտարարություն: Հետագայում վարչախումբը դիմեց թանաքի գոլորշիացման հնարքի, ինչը հիմք հանդիսացավ ընտրությունների արդյունքի կեղծման: Միասնական շտաբում, ճիշտ է, համախմբվեցին քաղաքական ուժերը, բայց միասնաբար հանդես չեկան, ինչը խանգարեց լիարժեքորեն վերահսկել օրինականությունը: Այս շտաբի գործունեության հաջողությունը մեզ համար հիմք է տալիս նորից ստեղծելու միասնական շտաբ, և փորձելու եմ այնպես անել, որ ընդդիմությունը միասնական ցուցակ ձևավորի:
– Դա ինչպե՞ս է հնարավոր, այսպես, թե այնպես՝ ընդդիմությունը միասին հանդես չի գա, մեկ դաշինքի մասին օրերս հայտնի դարձավ՝ «Հանրապետություն», «Քաղպայմանագիր», «Լուսավոր Հայաստան»:
– Ավելի լավ, նրանք էլ կարող են մասնակցել հենց այդ դաշինքվ:
– Իսկ է՞լ որ ուժերին եք ներառելու:
– Բոլոր նրանց, ովքեր մտահոգ են երկրի ապագայով և գիտակցում են, որ այս ընտրությունները չպետք է անցնեն այնպես, ինչպես նախորդները: Սա մի շրջադարձային փորձաքար է մեր պետության, երկրի, ժողովրդի համար: Սա մի անկյունաքարային փուլ է, որը պետք է մենք կարողանանք պատվով անցնել՝ փորձելով իսկապես կեղծված ընտրությունների այդ տխուր ավանդույթին մեկընդմիշտ վերջ տալ և ստեղծել իսկապես ժողովրդի կամարտահայտությամբ ձևավորված իշխանության հաջողված նախադեպ:
– Ինչպե՞ս եք պարզելու, թե որ ուժերն են դա ցանկանում: Չէ՞ որ անգամ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն են պարբերաբար հայտարարում, թե ընտրությունները պետք է լավ անցնեն, նախորդներին չնմանվեն…
– Շատ լավ: Եթե մտահոգ են, ապա ո՞վ է իրենց ձեռքը բռնել: Ես այդ սխալը չեմ կրկնի այս անգամ: Անցած անգամ հրավիրեցի Հանրապետական կուսակցությանը, մասնակցեցին նիստերին: Գալուստ Սահակյանը եկավ միասնական շտաբ, քննարկում անցկացրինք. իշխանությունը՝ այն ժամանակվա ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի գլխավորությամբ, այլընտրանքային շտաբ կազմավորեց, իսկ հետագայում մեր դեմ քրեական գործեր հարուցվեցին, հալածանքներ սկսեցին: Սա է իշխանության ձեռագիրը, որը հասցրել է երկիրն այս աղետալի իրավիճակի:
– Փաստորեն Դուք ինքներդ չե՞ք պլանավորում մասնակցել ընտրություններին՝ որևէ կուսակցության, դաշինքի ցուցակում ներգրավվել:
– Եթե լինի միասնական ցուցակ, ապա հնարավոր է:
– Ինչ ասել է՝ միասնական ցուցակ:
– Ընդդիմության միասնական ցուցակ:
– Դուք ո՞ւմ եք ընդդիմություն համարում:
– Եթե ընդդիմության այլընտրանքային ուժերը միավորվեն, ապա միայն այդ դեպքում հնարավոր կլինի փոփոխություն իրականացնել: Ես ամբողջական միավորում եմ ասում, ոչ թե մասնակի խմբակներ… միայն այդ դեպքում է հնարավոր փոփոխություն: Երբ լինի լիարժեք միավորում, և այդ համախմբման արդյունքում լինի միասնական ցուցակ, ահա այդպիսի ցուցակի հնարավորության դեպքում չեմ թաքցնի, որ ինքս կօգտվեմ այդ հնարավորությունից: Իմ ձեռագիրը հետևյալն է՝ միշտ ապավինել եմ սեփական նախաձեռնություններին, ծրագրերը սեփական ձեռքերով կյանքի կոչելու գործելակերպին: Այս անգամ էլ չեմ սպասելու, որ այդ առումով քայլեր անեն իմ գործընկերները, ես ինքս առաջիկայում հանդես կգամ առաջարկություններով, այդ թվում՝ հարգարժան պարոն Օսկանյանին և մյուսներին:
– Բայց Ձեր ասածն արդեն իսկ անհնար է. օրերս ձևավորված դաշինքը մերժում է Օսկանյանի հետ գործակցությունը: Նա էլ նշել է, որ լավ կլինի, եթե գործակցեն Սեյրան Օհանյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Այսինքն՝ միասնական ցուցակով հանդես գալ, այսպես, թե այնպես, չի ստացվում:
– Բայց նրանք չեն մերժել Հայաստանի քաղաքագետների միությանը: Դա մեր առաջարկն է, իսկ նրանք դեռ չեն մերժել մեզ:
– Պարոն Հովհաննիսյան, Դուք նաև «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ եք, որը մերժում է ընտրություններին մասնակցությունը: Չե՞ք կարծում, որ մասնակցության հրավերներով և Ձեր նախաձեռնությամբ կհակասեք այդ միության սկզբունքներին:
– Այսինքն՝ նկատի ունեք ընտրություններին մասնակցությո՞ւնը:
– Այո:
– Նախ նշեմ, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամներն ենք ես, Պետրոս Մակեյանը…
– Այո, գիտենք այդ միության անդամներին:
– Մեր Քաղաքագետների միության անդամ Անդրիաս Ղուկասյանին ձերբակալել են, և իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի մենք հնարավորություն չունենանք մասնակցելու ընտրություններին, կոնկրետ՝ Քաղաքագետների միությունը, որի անդամ Անդրիաս Ղուկասյանին ձերբակալել են և ապօրինի պահում են… կա դատական նախադեպ՝ դրանով պետք է առաջնորդվեին: Նույն գործով Արմեն Մարտիրոսյանին և Հովսեփ Խուրշուդյանին ազատ արձակեցին՝ խափանման միջոցը փոխելով, իսկ Անդրիաս Ղուկասյանին պահում են: Ինչո՞ւ են պահում, նույն մեղադրանքով երեք հոգու ձերբակալում են, երկուսին արձակում են, երրորդին՝ պահում, որովհետև վախենում են, սարսափում Հայաստանի քաղաքագետների միությունից: Սերժ Սարգսյանը վախենում, սարսափում է մեզնից, վախենում, սարսափում է ինձնից: Հինգ տարի նրա հիմնական թիրախը ես եմ եղել, ես և Քաղաքագետների միությունը: Մենք չենք հանձնվելու: Այս ամենն արվում է, որպեսզի բացառեն մեր մասնակցությունն ընտրություններին: Անդրիաս Ղուկասյանին էլ ձերբակալել են, որ չմասնակցի ընտրություններին: Նա փայլուն հրապարակային քաղաքական գործիչ է:
– Բայց Անդրիաս Ղուկասյանն այսպես, թե այնպես մերժում էր ընտրությունները, նա ևս «Նոր Հայաստանի» անդամ է, որը իշխանափոխությունն այլ մեթոդներով է տեսնում:
– Ո՞վ ասաց, որ «Նոր Հայաստանը» մերժում էր:
– Պարոն Հովհաննիսյան, բազմիցս է այդ նախաձեռնությունը տարբեր մակարդակներով հայտարարել այդ մասին, վերջերս էլ Ժիրայր ՍԷֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Գարեգին Չուգասզյանը վերահաստատեցին և բոյկոտի կոչ արեցին…
– «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի» քաղխորհուրդը այդպիսի որոշում չունի: Մենք քննարկում չենք արել, կարող է և քննարկեինք՝ այդպիսի որոշում ընդունեինք: Մեզ ձերբակալել, բանտ են նետել, ինձ էլ էին ուզում բանտ նետել, ձերբակալել ու գործ էին ուզում սարքել: Բայց հրաշքով չկարողացան, և երբ հարցը ստացավ հանրային հնչեղություն, հետ քաշվեցին: Բայց այդ ամենն անում էին, որ Հայաստանի քաղաքագետների միությունը չմասնակցի ընտրություններին: Երբ այն ժամանակ շտաբը ստեղծեցինք՝ կաթված էին ստանում, ԱԱԾ-ի նախկին ղեկավար Գորիկ Հակոբյանը արդեն խուճապի մեջ էր, թե՝ վերջ, ժողովուրդը հաղթում է… Հակոբյան Ռուբիկի միջոցով փորձում էին փլուզել միասնական շտաբը: Վերջում էլ ի՞նչ արեցին՝ իմ դեմ քրեական գործ հարուցեցին: Հարձակվեցին, մեր գրասենյակն ավերեցին: Այսինքն՝ իրենք վախենում են, դրա համար էլ Անդրիաս Ղուկասյանին ձերբակալել են, բայց նա ճաղերի հետևից էլ կմասնակցի ընտրություններին: Մենք մասնակցելու ենք, բայց ոչ թե լեգիտիմացնելու, այլ ապահովելու, որ այս անգամ ընտրություններն անցնեն այլ եղանակով:







































