ԴԱԻՇ ծայրահեղական խմբավորման ահաբեկիչները մի շարք տարածքներ են զավթել Աֆղանստանի արևելքում, հաղորդում է The Times-ը:
ԴԱԻՇ-ին հավատարմության երդում տված մոտ 1600 գրոհայիններ իրենց են ենթարկեցրել 4 նահանգների զգալի մասը, որոնք գտնվում են Ջելալաբադից հարավ: Նշվում է, որ Աֆղանստանում ԴԱԻՇ-ը գործում է այն նույն սցենարով, ինչ Իրաքում ու Սիրիայում` նախ գրոհայինների աննկատ ներթափանցում տարածաշրջան, ապա տարածքների զավթում:
Ահաբեկիչները գործում են դաժանությամբ` կտտանքներ ու մահապատիժներ կիրառելով, և տեղի բնակիչները հազարներով լքում են իրենց տները:
Խմբավորման առաջխաղացումը կապում են «Թալիբան» արմատական շարժման պառակտման և Աֆղանստանից արևմտյան զորքերի դուրս բերման հետ: Ընդգծվում է, որ բացառված չէ, որ ԴԱԻՇ-ին հարած նախկին թալիբներն են պատասխանատու «Թալիբան»-ի ղեկավար Մոլլա Մանսուրի մահվան մեջ:
«Մեզ անհասկանալի պատճառներով այստեղ ԴԱԻՇ-ն ավելի շատ փող ունի, քան «Թալիբան»-ը»,- ասել է Քաբուլում բարձրաստիճան պաշտոնյան:










































