Հայաստանը ներկայումս ունի երկու առանցքային խնդիր, որտեղ պահանջվում են հրատապ լուծումներ: Մեկը տնտեսությունն է, տնտեսության վիճակը, սոցիալ-տնտեսական վիճակը, և որպես դրա հետևանք՝ բարոյահոգեբանական ահավոր պատկերը, իսկ մյուսը քաղաքացիական հանրության կայացումն է, որը պետք է ավելացնի հասարակական ճնշումը իշխող համակարգի վրա և դրդի համակարգին կատարել, օրինակ, հենց առաջին ուղղությամբ պահանջվող հրատապ քայլերը:
Հայաստանում քաղաքականությունը կարող է կառուցվել միայն այդ երկու ուղղություններով աշխատանքի վրա, կամ՝ միայն այդ երկու ուղղություններով աշխատանքն է, որ կարող է համարվել քաղաքականություն: Դրա փոխարեն, Հայաստանում այսօր քաղաքականությունը կառուցվում է սահմանադրական բարեփոխումների վրա, և դրանք դառնում են Հայաստանում առկա իրականության առանցքային հարցը: Անկախ այն բանից, թե ով ինչ դիրքորոշում ունի այդ հարցի վերաբերյալ՝ կողմ է, թե դեմ, մի քիչ է կողմ, թե շատ է դեմ, միևնույն է՝ կա՛մ շեղվում է Հայաստանի համար երկու հրատապ ուղղություններից, կա՛մ շեղում է այլոց, հանրությանը: Միաժամանակ հստակ է, թե ում են ձեռնտու այդ շեղումները:
Այստեղ էլ շահառու խմբերը բաժանվում են հիմնականում երկու մասի՝ իրենց ենթամասերով: Շահառու խմբերից մեկն, օրինակ, կազմում են այն քաղաքական ուժերը, որոնք բացարձակապես համարժեք չեն հանրության մեջ տեղի ունեցող գործընթացներին, քաղաքացիական հանրության ձևավորման գործընթացի նրբերանգներին, որոնք այդ գործընթացում տեսնում են կուսակցական կամ խմբակային շահերի մարտահրավեր ու մրցակցություն և ձգտում են, որպեսզի այդ գործընթացները ենթակա լինեն իրենց շահերին, ոչ թե իրենք իրենց գործունեությունը կառուցեն քաղաքացիների շահերին համահունչ: Այդ խմբերի համար, բնականաբար, ցանկալի է, որ հանրությունը կենտրոնանա դեմ, թե կողմ դիլեմայի վրա և այդպիսով հայտնվի «հիպնոսի» տակ:
Այդ ուժերի շարքում էլ կան խմբեր, թիմեր, շահառուներ, որոնք ունեն առավել խորքային շահագրգռություն, որոշակիորեն սերտաճած են իշխանական համակարգի հետ, ինչ-ինչ պատճառներով հեռացած են, այսպես ասած, առաջնային լծակային գծերից, գծերից «ընկած» են: Այդ ուժերի համար շատ կարևոր է, որ ներքին զարգացումները մնան ավանդական պարզ դիմակայության սահմաններում, որպեսզի չձևավորվի որևէ նոր բան, որևէ նոր մոտեցում, մեթոդաբանություն, նոր կառուցվածքային համակարգ ներհասարակական հարաբերություններում: Դա նախևառաջ ստատուս քվոն պահելու և գոյության նվազագույն պահպանման միջոցն է, իսկ դրանից բացի՝ նաև հնարավորություն է տալիս ավանդական իրավիճակն ու ստատուս քվոն պահելու պայմաններում աշխատել երկու ուղղությամբ՝ կամ ձգտել ներիշխանական «հեղաշրջման» միջոցով իշխանության ներսում ստատուս քվոն փոխելուն, կամ էլ նվազագույնը՝ պայմանավորվել իշխանությունների հետ տարբեր հարցերում, առնվազն մինչև հաջորդ ընտրական ցիկլ:
Այդ պատճառով տվյալ ուժերի համար տնտեսության վիճակի վատթարությունը շատ կարևոր ռեսուրս է, բայց լուծումներ նրանց պետք չեն: Նրանց պետք է, որպեսզի այդ վիճակը հանրային կրքեր բորբոքի, որոնց միջոցով էլ փորձ կարվի ճնշում բանեցնել իշխանության վրա, բայց արդեն ոչ թե խնդիրները լուծելու, այլ ճնշման շնորհիվ իշխանությանը ներքին պայմանավորվածությունների բերելու համար: Դա է հայաստանյան ավանդական քաղաքական տրամաբանությունը, փիլիսոփայությունը, որը պետությունը հասցրել է ներկայիս դեգրադացված վիճակին բոլոր առումներով:
Սահմանադրական բարեփոխումների գործընթացը այս տեսանկյունից շանս է բոլորի համար՝ բերել իրավիճակն այդ ավանդական շրջանակների մեջ: Շանս է նաև իշխանությունների համար, քանի որ մի կողմից հանրությունը շեղվում է տնտեսական քաղաքականության հրատապ խնդիրներից և կենտրոնանում իր հետ կապ չունեցող սահմանադրական բարեփոխումների վրա, մյուս կողմից էլ՝ իշխանությունների համար նախընտրելի է գործ ունենալ ավանդական տրամաբանության դավանող քաղաքական խմբերի հետ, քանի որ այստեղ իշխանության լծակները միշտ եղել են ավելին, և միշտ էլ իշխանությունները կարողացել են գտնել հանգուցալուծման արդյունավետ ձևեր:
Քաղաքացիական հասարակության կայացումը վտանգավոր է նաև իշխանության համար, քանի որ քաղաքացիները ամեն անգամ հանդես են գալիս պայքարի մի որևէ նոր մոտեցումով, որը հավելյալ բարդություններ է առաջացնում իշխանության համար, իշխանությանը դնում է անելանելի վիճակի առաջ, մեկ մեթոդի սովոր պետական կառույցները, ըստ էության, հոգեպես և մտովի ապակազմակերպվում են քաղաքացիական բողոքի բախվելու դեպքում՝ ի տարբերություն ծանոթ քաղաքական ուժերի և դեմքերի:
Միով բանիվ, սահմանադրական բարեփոխումները, իհարկե, բացի, այսպես ասած, անձնական և համակարգային վերարտադրության ավանդական մոտիվացիաներից, ունեն նաև մեկ այլ կարևոր մոտիվացիա և ըստ էության հանդիսանում են Հայաստանի հասարակության մեջ տեղի ունեցող արդիական պրոցեսների դեմ քաղաքական համակարգի, այսպես ասած, միասնական «օպերացիա», հստակ դերաբաշխումներով, որտեղ, անշուշտ, առանց անգամ պայմանավորվելու և առանց նույնիսկ միմյանց հետ համաձայնեցնելու՝ բոլոր դերակատարները հստակ պատկերացնում են իրենցից յուրաքանչյուրի գործառույթները, անելիքներն ու արձագանքները: Չէ՞ որ նրանք բոլորը ըստ էության արդեն երկու տասնամյակից ավելի հենց իրար հետ են խաղում, ինչպես ասում են՝ պասերով:









































