Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին երկուշաբթի Էվա Կոպաչին կնշանակի նոր վարչապետ և նրան կհանձնարարի ձևավորել նոր կառավարություն: Այս մասին հայտնել է պետության ղեկավարի մամլո քարտուղար Իոաննա Տշասկա-Վեչորեկը՝ փոխանցում է RIA Novosti-ն:
Կոմորովսկին սեպտեմբերի 11-ին ընդունել է վարչապետ Դոնալդ Տուսկի հրաժարականը, ով օգոստոսի 30-ին ԵՄ գագաթնաժողովի ժամանակ ընտրվել էր Եվրախորհրդի նախագահ: Տուսկը կանցնի իր նոր պարտականությունների կատարմանը այս տարվա դեկտեմբերի 1-ին:
Նոր կառավարության նշանակումը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին:
2007-2011թթ. Կոպաչը եղել է Լեհաստանի առողջապահության նախարար: 2011 թվականից Լեհաստանի Սեյմի խոսնակն է: «Քաղաքացիական հարթակում» է 2001 թվականից, 2013-ի դեկտեմբերի 14-ին ընտրվել է իշխող կուսակցության նախագահի առաջին տեղակալ:








































