Հուլիսի 25-ին Երևանի քաղաքաշինական խորհրդի ճարտարապետական հանձնաժողովի նիստում Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն առաջարկել էր հանրապետության հրապարակի և հարակից տարածքների կառուցապատման կարգավորման նպատակով փորձագիտական աշխատանքային խումբ ձևավորել: Խմբի ձևավորումը դեռ քննարկման փուլում է: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՀ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը` խոսելով աշխատանքային խմբի և հրապարակում կառուցապատման անհրաժեշտության շուրջ:
Նա նշեց, որ ամեն ինչ դեռ քննարկման մեջ է: Սակայն ճարտարապետը հստակեցրեց, որ խոսքը ոչ թե կառուցապատման մասին է, այլ հրապարակը բարեկարգելու, փորձելու տրանսպորտային հանգույց դարձած հրապարակն ինչ որ կերպ թեթևացնել և հետիոտնի համար ավելի հարմարավետ դարձնել: Մկրտիչ Մինասյանի խոսքով` բազմաթիվ հարցեր կան, որոնք կարելի է ներառել աշխատանքային խմբի օրակարգում, հետո առաջարկների մրցույթներ անցկացնել:
«Օրինակ` խնդիրներից մեկն այն է, որ հրապարակը վեր է ածվել տրանսպորտային հանգույցի: Որպեսզի հասարակությունն ավելի լավ օգտվի, պետք է ծրագրեր քննարկվեն հետագայում իրականացնելու համար: Հասարակությանն անընդհատ անհանգստացնում է, թե Լենինի արձանի տեղում ինչ է լինելու: Սա ևս ամենայն հավանականությամբ քննարկման առարկա է»,- նշեց ճարտարապետը` շարունակելով, որ քննարկման առարկա պետք է դառնան այն հարցերը, թե ինչպես է նպատակահարմար բարեկարգել ՀՀ հրապարակը: Ըստ Մկրտիչ Մինասյանի` ճարտարապետների խումբը դեռևս ձևավորված չէ, աշխատանքները շարունակվում են:









































