Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը բազմաթիվ ունկնդիրների խնդրանքով ևս մեկ անգամ` հուլիսի 28-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացնի իտալացի աշխարհահռչակ կոմպոզիտոր Պուչչինիի «Տուրանդոտ» օպերայի համերգային կատարումը, որով էլ կեզրափակվի 2011-2012 համերգաշրջանը:
Ի տարբերություն կոմպոզիտորի մյուս ստեղծագործությունների` «Տուրանդոտն» առանձնանում է լայնածավալ երգչախմբային հնչեղությամբ, որը երևանյան կատարման ժամանակ կապահովեն Հայաստանի պետական ակադեմիական (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Հովհաննես Չեքիջյան) և մանկական «Սպեղանի» երգչախմբերը (գեղարվեստական ղեկավար և խմբավար` Սարինե Ավթանդիլյան):
Մենակատարներն են սոպրանո Սիրանուշ Գասպարյանը (արքայադուստր Տուրանդոտ), տենոր Էնրիկո Լին (Կալաֆ, Հարավային Կորեա), սոպրանո Իրինա Զաքյանը (Լիու), տենոր Սարգիս Թորոսյանը (Ալտոում), բաս Ռիչարդ Մադլենյանը (Թեմուր) և այլք: Համերգի դիրիժորն էԷդուարդ Թոփչյանը:
Օպերան բաղկացած է երեք գործողությունից (հինգ տեսարանով), գրվել է ըստ Կառլո Գոցցիի նույնանուն պիեսի: Պուչչինին չի հասցրել ավարտել օպերան, այն ավարտել է նրա գործընկեր Ֆրանկո Ալֆանոն՝ ըստ երգահանի սևագրերի: Չնայած հետագայում մի քանի կոմպոզիտորներ ևս առաջարկել են «Տուրանդոտ»-ի ավարտի իրենց տարբերակները, ֆիլհարմոնիկը կկատարի հենց Ալֆանոյի ամբողջացրած օպերան։
Համերգի սկիզբը` ժ. 19.00-ին:








































