Երևան-Սևան մայրուղու վրա ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին հերթապահություն կիրականացնեն շտապօգնության մեքենաները: Այսօր գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նման կարգադրությամբ է հանդես եկել ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: Նա անհրաժեշտ է համարել սահմանել շտապօգնության հերթապահություն արտակարգ պատահարներին արագ արձագանքելու և անհրաժեշտության դեպքում շտապ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը նշեց, որ իրեն դեռևս այս մասին առաջարկ չի արվել: Նա նաև դա անհնարին համարեց, քանի որ, նրա խոսքով, շտապօգնության մեքենաները շատ քիչ են: «Հնարավոր է նախարարը նկատի է ունեցել մարզային բուժօգնությունը»,- նկատեց նա:










































