Սիրիայի ազատ բանակի ղեկավարը հայտարարել է, որ ապստամբներն այլևս ի վիճակի չեն պահել տարածքները, ուստի անցնում են պարտիզանական մարտավարության՝ հույս ունենալով «ուժասպառ» անել կառավարության բանակը: Այս մասին հայտարարել է ՍԱԲ ներկայացուցիչ Մալիք Քուրդին:
«Սիրիայի ազատ բանակը պատերազմ կմղի վարչակարգի բանակի դեմ այնքան ժամանակ, մինչև որ նրան ուժասպառ անի՝ օգտագործելով պարտիզանական մարտավարություն»,- Washington Post-ին տված հարցազրույցում ասել է Քուրդին:
Նա նշել է, որ իրենք չեն պահպանում վերահսկողությունը վերահսկիչ անցակետերի և այլ առանցքային կետերի նկատմամբ: «Մենք դրանք վերահսկողության տակ ենք վերցնում, հետո հեռանում, հետո դաձյալ վերցնում ենք»,- ասել է նա:
«Մենք չենք կարող ասել, որ ՍԱԲ-ն ամբողջությամբ վերահսկում է ինչ-որ բան, բայց մենք չենք էլ կարող ասել, որ վարչակարգի բանակն է ինչ-որ բան վերահսկում. և այդպես կլինի այնքան ժամանակ, մինչև որ ՍԱԲ-ը ծանր սպառազինություն ստանա, և այնքան ժամանակ, մինչև որ ավելի զանգվածային դասալքություն տեղի ունենա»,- ասել է Քուրդին:











































