Լոնդոնի Օլիմպիադայի համարTwitter-ը հատուկ նախագիծ կյանքի կկոչի, որի շրջանակներում ծառայության աշխատակիցները մրցաշարի հետ կապված հաղորդագրություններ կհավաքեն և դրանք կտպագրեն առանձին էջի վրա: Այս մասին է տեղեկացնում The Wall Street Journal պարբերականը:
Տեղեկությունների համաձայն` նախագիծը Twitter-ի և NBC Universal հեռուստաընկերության համագործակցության մի մասն է: WSJ-ն հայտնում է, որ Twitter-ը նման մակարդակի մրցաշար պաշտոնապես «կենդանի» կլուսաբանի առաջին անգամ:
Մարզիկներից, նրանց ընտանիքների անդամներից, երկրպագուներից ստացվող հաղորդագրությունների հավաքագրման նպատակով Twitter-ի գրասենյակի աշխատակիցներն օրական 20 ժամ կծախսեն: Ընդ որում, NBC հեռուստաընկերությունն իր հեռարձակումների ընթացքում գովազդելու է Twitter-ի նշված նախագիծը: